Եվրամիության արտգործնախարարների նիստում կքննարկվի Թուրքիայի հարցը
Այսօր Բրյուսելում տեղի կուենա Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որի օրակարգում կլինեն նաև Թուրքիայի վերջին ներքաղաքական զարգացումները: Այս մասին տեղեկացնում է «BBC Türkçe»-ն:
Երկօրյա նիստի ընթացքում կքննարկվեն նաև ԵՄ-ՆԱՏՕ փոխհարաբերությունները, Սիրիայի և Ուկրաինայի հիմնահարցերը:
Ակնկալվող նիստի վերաբերյալ ԵՄ պաշտոնակայքում տեղ գտած հայտարարության մեջ ԵՄ-ը խորին մտահոգություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ:
Հայտարարության մեջ ծայրահեղ մտահոգիչ են համարվել Թուրքիայում մահապատժի վերականգնման վերաբերյալ քննարկումները, սոցիալական ցանցերի և բազմաթիվ լրատվամիջոցների արգելափակումները, լրագրողների, այդ թվում՝ «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագրի և մի շարք աշխատակիցների ձերբակալման որոշումը, ինչպես նաև՝ երկրի երկրորդ ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների կալանավորումը:
Հայտնի է դարձել նաև, որ նախարարների նիստում կքննարկվի պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ծավալվող իրադարձությունների պատճառով այդ երկրի եվրաինտեգրման բանակցությունների դադարեցման հարցը: Խնդիրը թեև չի ներառված նիստի պաշտոնական օրակարգում, սակայն ակնկալվում է, որ որոշ նախարարներ նիստի ընթացքում կբարձրացնեն այդ հարցը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախօրեին հայտարարել էր, որ եթե Թուրքիայում իրավիճակը շարունակի նույնը մնալ, ապա այս երկրի դեմ տնտեսական պատշամիջոցներ կկիրառվեն: Շուլցը շեշտել էր, որ մահապատժի վերականգնման դեպքում անմիջապես կդադարեցվեն ԵՄ-Թուրքիա բանակցությունները: