Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրգործը մասնակի կարճվել է
Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը մասնակի կարճվել է։ Այս մասին հայտնում է Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
Առաջադրված մեղադրանքներից 182-րդ հոդվածի 3-րդ մասը հանվել է, ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, դարձել է 1-ին, (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը), եւ առանձին ավելացել է ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մաս։
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ ոստիկանության՝ Ուրիխանյանը հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ:
Այնուհետեւ, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Նախաքննությունը շարունակվում է: