17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պահանջում էին հանձնել Պերմյակովին. քրեական հետապնդումը դադարեցվել է

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով Գյումրի քաղաքում 2015թ. հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել բոլոր 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով 2015 թվականի հունվարի 15-ին` ժամը 17:00-ին, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում սկսվել է ինքնաբուխ հավաք, երթ, որի ժամանակ արձանագրվել են տարբեր միջադեպեր. խաթարվել է Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի երթևեկությունը, տարբեր առարկաներ նետվել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նշված դեպքերի առթիվ 2015 թվականի հունվարի 16-ին հարուցվել է քրեական գործ, նախնական ապացույցների հիման վրա 19 անձ ներգրավվել որպես մեղադրյալ՝ խուլիգանություն կատարելու համար։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է մեծաքանակ քննչական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որն ընդգրկել է շուրջ 112 մետր տարածք, առգրավվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և դրանք, ինչպես նաև դեպքի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների տեսագրությունները ենթարկվել զննության։

Նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր, դատապայթունատեխնիկական, դատակենսաբանական և դատանյութագիտական համալիր, ինչպես նաև՝ դատահողագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:

Հարցաքննվել են 100-ից ավելի անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, Գ.Նժդեհի փողոցի շրջակայքում տեղակայված շենքերի բնակիչները, հավաքի մասնակիցներ։

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  2015 թվականի հունվարի 15-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք, որին միացել են նաև տուժողների հոգեհանգստին մասնակից անձինք և պահանջել Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վ.Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, որի ժամանակ էլ առանձին մասնակիցների կողմից հնչել են հայհոյանքներ, նետվել տարբեր առարկաներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առել նաև խուլիգանության հանցակազմի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունները։  2012 թվականի մարտի 30-ին Շահեն Նշանի Հախվերդյանի վերաբերյալ գործով ՎԴ-ն արձանագրել է, որ արարքը ենթակա է որակման որպես խուլիգանություն միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցներով կհիմնավորվի հասարակական կարգի խախտման կոպիտ լինելը և, միաժամանակ, հասարակության նկատմամբ այդ խախտմամբ արտահայտված անհարգալից վերաբերմունքի բացահայտ լինելը:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում արարքը խուլիգանություն որակելու համար անհրաժեշտ է քննության առնել նաև այն, թե արդյոք այդ արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն է պատճառվել: Բացի այդ, արձանագրվել է, որ անհարգալից վերաբերմունքը բացահայտ է ոչ թե այն պատճառով, որ կատարվում է հասարակական վայրերում կամ հասարակության անդամների ներկայությամբ, այլ այն պատճառով, որ կատարվում է հենց հասարակության նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու նպատակով: Այլ խոսքով՝ կոնկրետ դեպքում խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքների՝ հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման առկայությունը կամ բացակայությունը գնահատելիս անհրաժեշտ է պարզել խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը, այն է՝ հասարակական կարգը կոպիտ խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցավորի դիտավորությունը, նպատակը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արարքը, ժեստը, բառը, և այլն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ, թեկուզ հանցավորը հասկանում է, իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իր արարքը տեսանելի և ընկալելի է հասարակության համար:

Ա.Խաչատրյանի գործով որոշման մեջ ՎԴ-ն նշել է, որ «Խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ոչ բոլոր դեպքերում է, որ այլ հանցակազմի հատկանիշներ պարունակող արարք կատարելը, որն իրենում բովանդակում է նաև հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման տարրեր (օրինակ՝ կենցաղային հողի վրա, անձնական դրդապատճառներով հասարակական վայրերում առաջացած ծեծկռտուքն ու վիճաբանությունը, որոնք արտաքնապես ընկալվում են որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք) կարող է որակվել խուլիգանություն: Ըստ ՎԴ-ի՝ արարքը խուլիգանություն որակելու համար էական նշանակություն ունի դրա բնույթն ու կատարման շարժառիթը:

Խուլիգանությունը կարող է կատարվել խուլիգանական դրդումներով, որի հիմքում ընկած են նաև անձի անզուսպ եսամոլությունը, սեփական անձի առավելությունն ընդգծելու միջոցով ներքին բավականություն ստանալու, զվարճանալու ձգտումը, խուլիգանություն կատարող անձն ինքնահաստատվում է, ձգտում հակահասարակական վարքագծով ապացուցել իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից, իր անձը հակադրելով հասարակությանը՝ ցույց տալ իր գերակայությունը և այլն: Միաժամանկ, ՎԴ-ն ընդգծել է, որ խուլիգանական դրդումներն անհրաժեշտ է սահմանազատել արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հուզական վիճակից, որն անձի մոտ առաջացնում է լարվածություն, էմոցիոնալ բռնկվածություն և այլն: Ապա նաև գտել, որ երբ հանցավորի վարքագիծն ուղղված է կոնկրետ անձի, պայմանավորված է նրա հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով և հանդիսանում է հուզական վիճակի արտահայտություն, խուլիգանության հանցակազմը բացակայում է:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված նախադեպային որոշման լույսի ներքո, մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից և քրեական գործով կատարված նախաքննությամբ հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցների վերլուծության, դրանք այլ ապացույցների հետ համադրելու, ինչպես նաև յուրաքանչյուր ապացույցը վերաբերելիության և թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու արդյունքում քննիչը պարզել է, որ քրեական գործով ներգրավված անձանց արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, որի պայմաններում անհրաժեշտ է մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել։

Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրանց մասով վարույթը կարճել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ