Վանում արգելվել են ցույցերն ու հավաքները
Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որի համաձայն նոյեմբերի 11-ից 10 օր ժամկետով նահանգում արգելվելու է անցկացնել ցանկացած տեսակի ցույցեր և երթեր: Ըստ թուրքական «Tgrthaber» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ նշյալ արգելքը սահմանվել է հավաքների, ցույցերի և երթերի վերաբերյալ գոյություն ունեցող օրենքի 11-րդ հոդվածի համաձայն: Ըստ այդմ` 10 օրվա ընթացքում արգելվում է հանրահավաքներ, նստացույցեր անցկացնել, ինչպես նաև վրաններ խփել և պաստառներ կախել:
Նշյալ որոշումը կայացվել է նահանգի բնակչության անվտնագության ապահովման նկատառումներով և Թուրքիայում գործող արտակարգ դրության շրջանակներում:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո մայրաքաղաք Անկարայում կայացած ազգային անվտանգության խորհրդի ու դրան հաջորդած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հայտարարել էր արտակարգ դրություն 3 ամսով: Այնուհետեև դրա լրանալուց հետո Թուրքիայի խորհրդարանի անդամները քվեարկեցին երկրում գործող արտակարգ դրությունը մինչև 2017-ի հունվարը երկարաձգելու օգտին: