Շփման գծում գիշերը լարված է եղել
Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաեւ նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, նոյեմբերի 11-ին եւ լույս 12-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից եւ գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:
Շփման գծի հյուսիսարեւելյան (Յարըմջա) եւ հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 (13 արկ) եւ 82 (56 արկ) միլիմետրանոց ականանետեր:
Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:
Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: