26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտոնյալ պայմաններ տեղական արտադրողների համար

Ցանկացած քայլ, որն ուղղվում է աջակցելու տեղական արտադրողին, ուղղակիորեն լումա է՝ ներդրված երկրի տնտեսության զարգացման գործում: Հենց այս համոզմունքն էլ առիթ դարձավ «Տաշիր» առևտրի կենտրոնում ձևավորելու Armenian Brands առանձնացված հարթակը, որի շնորհանդեսը կայացավ այսօր:

Շուրջ 1000 քմ առանձնացված տարածք զբաղեցնող հարթակում արտոնյալ  պայմաններով տեղակայված են հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ արտադրող բացառապես հայաստանյան ընկերություններ: «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ  տնօրեն Լևոն Հակոբյանի խոսքերով, առևտրի կենտրոնի բոլոր տնտեսվարողների համար առկա են բարենպաստ պայմաններ գործունեություն ծավալելու համար, քանի որ այդպիսով բազմաթիվ մարդկանց համար ապահովվում են աշխատանք ու համապատասխան եկամուտներ: Միևնույն ժամանակ, առավել արտոնյալ  պայմանները հնարավորություն են ընձեռում տեղական արտադրողներին արտադրանքի անհամեմատ ցածր ինքնարժեք ձևավորել և արդյունքում մրցունակ լինել ներմուծվող համանման ապրանքների նկատմամբ: Սա իր հերթին թույլ կտա ժամանակի ընթացքում ընդլայնել տեղական արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել նոր աշխատատեղերի ստեղծման, պետության բյուջետային մուտքերի ավելացման և վերջապես երկրից դուրս եկող գումարների ծավալների նվազեցման: «Ուստի շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը, այն պարագայում, երբ  որակի և գնի հարաբերակցության պարագայում մեր արտադրողների ապրանքներն առավել շահեկան են,  գնումներ կատարելիս նախապատվությունը տա տեղական արտադրության ապրանքներին՝ այդպիսով աջակցելով մեր երկրին ու մեր տնտեսությանը»,-նշեց ընկերության տնօրենը:

Նախագծի ստեղծման հիմքում դրված է ոչ միայն ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներին, այլև առաջին հերթին տեղական արտադրողին աջակցելու, խրախուսելու և դեպի շուկա սահուն ընթացք ապահովելու գաղափարը: Լևոն Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ հարթակը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտերկրյա բիզնես-գործընկերների շրջանում, և չի բացառվում տեղական շուկայի պահանջարկը բավարարելու դեպքում նաև նույն ձևաչափով հանդես գալ արտաքին շուկաներում:

Շնորհանդեսին մասնակցում էին  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Փոխվարչապետը բարձր գնահատեց գաղափարը՝  նման արտոնյալ պայմաններով մեկտեղել հայ արտադրողներին և արվեստի մարդկանց, նրանց համար հնարավորություններ ընձեռել միասնական հարթակով ներկայանալ պոտենցիալ գնորդներին: «Վստահ եմ, որ այս տարածքը շատ կարճ ժամանակ անց կդառնա մեր հայրենակիցների ու նաև զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը»,-նշեց Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքերով, այս հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի ՀՀ-ում զարգանա փոքր ու միջին ձեռներեցությունը, առավել ևս, որ ներկայացված են զարգացման տեսակետից հեռանկարային ոլորտներ: Նման հնարավորությունը, ըստ նախարարի, լուրջ հնարավորություններ կընձեռի արտադրական ծավալները ժամանակի հետ ընդլայնելու  համար: Սուրեն Կարայանը նաև նշեց, որ տնտեսվարողների ու կազմակերպիչների հետ քննարկել են նաև առկա խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը:

«Տաշիր Ինվեստ Գրուպի» ներկայացուցիչները հավելեցին, որ ծրագիրը փուլային է ու շարունակական, և բացի արդեն իսկ ներկայացված տնտեսվարողներից, տեղական այլ արտադրողների հետ համագործակցության համար ևս առևտրի կենտրոնի դռները միշտ բաց են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ