Գերմանիան երկարացրել է իր զորախմբի գործունեության ժամկետը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում
Գերմանիայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքում երկարաձգվել է Թուրքիայի Ադանա նահանգում տեղակայված և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական զորախմբի գործունեության ժամկետը:
Խորհրդարանի նոր որոշմամբ` 250 հոգանոց զինվորական անձնակազմը և 6 «Տորնադո» ռազմական ինքնաթիռները կշարունակեն ծառայությունը Ինջիրլիքի ռազմաբազայում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հունիսին Գերմանիայի բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո 2 երկրների միջև առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան Բունդեսթագի պատգամավորներին չէր թույլատրել այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինծառայողներին, ինչն ավելի էր մեծացրել փոխադարձ լարվածությունը: Դրանից հետո Գերմանիայի քաղաքական շրջանակներում հաճախակիացան «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում Ինջիրլիքում տեղակայված գերմանական զորակազմի այնտեղից դուրս բերման մասին խոսակցությունները: Սակայն ավելի ուշ Գերմանիայի կառավարությունը ռազմաբազայում 60 մլն եվրո ներդրում կատարելու պայմանով համաձայնության էր եկել Թուրքիայի կառավարության հետ ու քաղաքական պաշտոնյաների համար զորակազմին այցելելու թույլտվություն ստացել:
Բունդեսթագում գերմանական զորակազմի՝ Ինջիրլիքում գտնվելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննարկման ժամանակ երկարաձգմանը կտրուկ դեմ են արտահայտվել «Ձախերի» ու «Կանաչների» կուսակցությունների խմբակցությունները:
Բանաձևը հնարավոր է եղել ընդունել միայն կոալիցիոն «Քրիստոնեական միություն» և «Սոցիալ դեմոկրատական» գերակշռող ձայների շնորհիվ:
Նույն որոշմամբ Բունդեսթագը հավանություն է տվել նաև Ինջիրլիքի ռազմաբազա «AWACS» ռազմական ինքնաթիռներ ուղարկելու մասին ՆԱՏՕ-ի պահանջին: