17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանից եկող ներդրումները շեշտակի կրճատվել են, կա կապիտալի արտահոսք

 

Ինչպես հայտնի է, 2013թ.-ից Հայաստանը բռնեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության ուղին, որը ստեղծված լինելով Մաքսային միության հիմքի  վրա  տարբերվում էր վերջինիցս նրանով, որ ենթադրում էր ոչ միայն ապրանքների և ծառայությունների, այլև կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժ միության շրջանակներում: Մինչ այս պահը բազմաթիվ վերլուծություններ են կատարվել ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառության ծավալային  և որակական փոփոխությունների վերաբերյալ, սակայն համեմատաբար քիչ է քննարկվել այս երկրների միջև կատարվող փոխադարձ ներդրումների հարցը: Ուստի հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչպիսին է եղել ԵԱՏՄ անդամ երկրներից կատավող ներդրումների դինամիկան:

Մակրոտնտեսական խճանկար

2015թ. առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունը) կազմել է 81 մլրդ. դրամ, որից  մոտ 30 մլրդ դրամը եղել են ուղղակի ներդրումներ: 2016թ. այդ ցուցանիշը հասել է -16 մլրդ դրամի, ինչը, ըստ էության, նշանակում է, որ օտարերկրյա ներդրումների գծով մարումները գերազանցել են ստացումները:

Սա իհարկե բավականին անհանգստացնող ցուցանիշ է, քանզի Հայաստանի նման կապիտալ հոսքերի պակասուրդ ունեցող երկրներում ներդրումները առանձնահատուկ կարևոր նշանակություն ունեն տնտեսության զարգացման և ազգային արժույթի (հայկական դրամի) կայունության գործում:

Ինտեգրացիոն գործընթացների առումով հետաքրքրական է այն հանգամանքը, որ դիտարկվող ողջ ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ երկու երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ փոխադարձ ներդրումները գրեթե զրոյական են եղել, իսկ Բելառուսի հետ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը 2015թ. առաջին կիսամյակի -23 մլն. դրամից 2016թ. համադրելի շրջանում հասել է -0.7 մլն. դրամի: Սա իհարկե փաստում է դրական միտումների մասին, բայց այնուամենայնիվ, Հայաստանից Բելառուս դեռևս ավելի շատ է ներդում գնում, քան հակառակը:

Եվրասիականացումը և ռուսական կապիտալը

Հայաստանի տնտեսության տեսանկյունից հատկապես կարևոր նշանակություն ունեն ռուսական կապիտալը և Ռուսաստանից կատարվող ուղղակի ներդրումները: Մինչ Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցությունը՝ 2014թ. առաջին կիսամյակում, Ռուսատանից կատարվող օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 36 մլրդ. դրամ կամ ընդհանուր ուղղակի ներդրումների 48.5%-ը: 2015թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշը տասնապատիկ անկում է ապրել՝ մինչև 3 մլրդ. դրամ՝ կազմելով ընդհանուր ներդրումների ընդամենը 11.2%-ը:

Անկումը շարունակվել է նաև 2016թ.-ին, երբ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են -5.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ ռուսական ներդրումներ գծով մարումները (արտահոսքը) գերազանցել են ստացումները (ներհոսքը): Այլ կերպ ասած, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը Ռուսաստանի Դաշնությունից գրանցել են ավելի քան 265%-ի հասնող անկում:

Եթե դիտարկենք օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի բաշխվածությունն ըստ գործունեության ոլորտների, ապա կտեսնենք, որ զուտ հոսքերի այսպիսի նվազումից հատկապես տուժել են հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտը, որտեղ զուտ հոսքերը կրճատվել են 52%-ով, հիմնային մետաղների արտադրության ոլորտը (190% կրճատում), էլեկտրականության, գազի և գոլորշու մատակարարման ոլորտը (47% կրճատում), ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ ներդրումների զուտ հոսքերը նվազել են մոտ 35 տոկոսային կետով:

Այսպիսի իրավիճակը չափազանց անհանգստացնող է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ տարիներ շարունակ Ռուսաստանը եղել է ամենախոշոր ներդրողը Հայաստանում: Այս առումով գոնե թե Հայաստանի մասով անհասկանալի են մնում ԵԱՏՄ անդամ երկրների հետ միասնական տնտեսական տարածք ստեղծելու տնտեսական նախադրյալները և տնտեսական հեռանկարները:

 

Անդրանիկ Մանուկյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ