26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին»

Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:
1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն և անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու:Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ և այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներին ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն , քեն, ատելություն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ  ու քնքուշ: Տիպար հայ էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր և կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ և թաթար ժողովուրդներեն…
1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի և Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:

Զորավար Անդրանիկ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ