27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբի Էմիրության թագաժառանգի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ Նախագահի եւ Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի եւ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի առանձնազրույցը:

Նշելով, որ Հայաստանը շահագրգիռ է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ եւ համընդգրկուն փոխգործակցության զարգացմամբ, Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ պաշտոնական այցի շրջանակներում կայանալիք բանակցություններն ու ձեռքբերվելիք պայմանավորվածություններն իրենց զգալի ներդրումը կունենան հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունները վերջին տասնամյակում թեւակոխել են զարգացման նոր, ավելի գործնական փուլ. երկու երկրների միջեւ ստորագրվել են տարբեր բնագավառներում համագործակցության մասին երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք կհամալրվեն պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվելիք նոր փաստաթղթերով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությամբ պայմանավորված ամուր հիմքի վրա այսօր Հայաստանի եւ արաբական երկրների, այդ թվում` Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում կարեւորվել է երկու երկրների միջեւ պարբերական քաղաքական խորհրդակցությունների, ինչպես նաեւ տարբեր մակարդակի փոխայցելությունների իրականացումը:

ՀՀ Նախագահը եւ թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հայ-էմիրաթական առեւտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ կհանդիսանա միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաեւ երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետեւելու համար: Կողմերը պայմանավորվել են ինտենսիվացնել Հայաստանի տնտեսության մեջ էմիրաթական ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ գտնել արդյունավետ մեխանիզմներ ներդրումային ծրագրերի իրագործման նպատակով:

Հանդիպմանը երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից բացի, անդրադարձ է եղել միջազգային արդի խնդիրներին, մերձավորարեւելյան ճգնաժամին, այդ տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ