Ավելի լա՞վ չի, որ զարգացնում ենք Գյումրու օդանավակայանը. նախարար
«Բաց երկնքի քաղաքականությունը հնարավորություն է տալիս ցանկացած ավիափոխադրողի առանց նախապայմանների թռիչքներ, և այն արդեն ներդրված է Հայաստանում, հիմա պետք է փորձենք ավիաընկերություններին ներգրավենք Հայաստան՝ թռիչքներ իրականացնելու համար»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է վերջերս գրանցված դեպքին, երբ ռուսական «Պաբեդա» ընկերությունը հրաժարվել էր իրականացնել Երևան-Ռոստով չվերթը թանկ լինելու պատճառով, նա ասաց, որ Գյումրու օդնավակայանն ավելի լավ պայմաններ է տրամադրում, այնտեղ չկա 10 հազար դրամ օդի տուրքը և այլ պայմաններ, որ «Զվարթնոցն» է դնում. «Ավելի լա՞վ չի, որ զարգացնում ենք Գյումրու օդանավակայանը»,-հռետորական հարց հնչեցրեց նախարարը:
Հարցին, թե հարկ չկա հանել օդի տուրքը, նա պատասխանեց.«Դա իմ խնդիրը չէ»: Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ «Զվարթնոցի» ծառայությունների թանկ լինելու խնդրի վերաբերյալ քննարկումներ միշտ էլ ընթանում են:
Խոսելով թվային հեռարձակմանն անցնելուն և քաղաքացիների դժգոհություններին, թե զրկվել են հեռուստացույց դիտելու հնարավորությունից՝ նախարարը շեշտեց, թե նախարարությունը սոցիալապես անապահով մարդկանց ապահովել է դեկոդերներով, արդեն 1 տարուց ավելի է, որ ամեն տեղ հայտարարվում է, որ ձեռք բերեն դեկոդերնե: Ինքը հետևել է թեժ գծին արված զանգերին ու բողոքներին և պարզել, որ հիմնական հարցերն են, որ ուղղակի ճիշտ չեն միացրել: