Գործարարները դեռ չեն ահազանգել
2017 թվականին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ձեռնարկած միջոցառումների արդունքում ներդրումների աճ կլինի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց նախարար Սուրեն Կարայանը: Հարցին՝ ԵՏՄ-ին անդամակցության ազդեցությունը թվային ցուցանիշներով կարո՞ղ է ասել, նա պատասխանեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ի համար լայն հնարավորություններ ստեղծում է. «Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է ԵՏՄ շուկաներ, եթե հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները վերլուծեք ՀՀ-ի և մեր հարևան այլ պետությունների, որոնք չեն անդամակցել ԵՏՄ-ին, կհամոզվեք, թե ինչքանով դրական էր մեր անդամակցությունը»:
Ինչ վերաբերում է գործարարների ահազանգերին ներկրումների հետ կապված, նախարարը վստահեցրեց, որ չեն եղել նման դեպքեր. «Մեր նախարարությունը դեռ ներկրման հետ կապված մասին ահազանգ չի ստացել»: Նախարարը լրագրողների հետ զրույցում հստակեցրեց՝ պատգամավորի հարցին ի պատասխան ասել է ոչ թե 3,2 տոկոս տնտեսական աճից ավելին է սպասվում, այլ չեն բացառում, որ իրենց ծրագրած միջոցառումների արդյունքում կլինի 3,2 տոկոս տնտեսական աճ, ապա հավելեց. «Սակայն թիրախավորում ենք, որ առավել ակտիվ միջոցառումներ իրականացնենք, որ արդյունքներն ավելի իրատեսական լինեն»:
Ինչ վերաբերում է նրան, որ որոշ տնտեսագետներ 3,2 տոկոս տնտեսական աճից ցածր ցուցանիշ են կանխատեսում, ապա նախարարն ասաց. « 3,2 տոկոս տնտեսական աճը բավական ռիսկային և լուրջ ցուցանիշ է ներկա պարագայում»: Ճշտող հարցին՝ 2017-ին արդյունաբերական որևէ ձեռնարկ բացվելո՞ւ է, նախարարը չցանկացաբվպատասխանել. «Եկեք բացահայտ չխոսենք էդ մասին. պետությունը ձեռնարկություններ չի բացում, ստեղծում է բարենպաստ պայմաններ, որ բացվեն»,-եզրափակեց նա: