15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այն ժամանակ կերեւա Աստծու Որդու երկնքից գալու հրաշքը

Աշոտ Հունանյանի “Տեսիլքներ Հայոց մասին” ժողովածուից

ՍՈՒՐԲ ՄԵԹՈԴԻՈՍԻ ՊԱՏԱՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՎ ՆԱՀԱՏԱԿԻ ԵՐԱԶԸ` ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ԳԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ*
Վերջին դարում արմատախիլ կլինի պարսից թագավորությունը։ Ւսմայելի զորքը կելնի Եթրիբի անապատից եւ կտիրի Գաբավոնին: Այն ժամանակ կկատարվի Եզեկիել մարգարեի ասածը. «Կանչեց անապատի գազանները ու երկնքի թռչունները եւ ասաց նրանց. «Հավաքվեցե՛ք, եկե՛ք, որովհետեւ մեծ սպանդ է լինելու ձեզ համար։

Կերե՛ք, կերե՛ք հզորների մարմինները եւ խմեցե՛ք հսկաների արյունը»։ Իսմայելի որդիների կողմից հունական զորավարները կընկնեն Գաբեթի այս Գաբավոնում, ինչպես որ նրանք սպանեցին եբրայեցի ու պարսիկ զորավարներին։ Քանի որ նրանց զայրույթով ու բարկությամբ կուղարկի երկիր մարդկանց, անասունների, անտառի գազանների, տնկիների եւ առհասարակ բոլոր պտղաբեր տեսակների վրա։ Եվ նրանց գալուստն անողորմ պատիժ կլինի։ Նրանց առաջից կընթանան չորս տեսակի աղետներ՝ կործանում, ասպատակություն, ապականություն ու ավերում։

Մովսեսն իսրայելացիներին ասաց. «Աստված ձեզ Ավետյաց երկիրը ժառանգելու է տանում ոչ թե նրա համար, որ ձեզ սիրում է, այլ նրա բնակիչների անօրինության պատճառով»։ Այսպես էլ տեր Աստված Իսմայելի որդիներին ոչ թե սիրելուց է զորություն տալիս՝ ավերելու քրիստոնյաների երկրները, այլ եղող անօրինության պատճառով: Եվ նրանց ուրիշ այսպիսի վտանգ ոչ եղել է, ոչ էլ երբեւէ կլինի։ Չէ՞ որ տղամարդիկ հագնում էին անառակների հագուստները եւ իրենց զարդարում պոռնիկ կանանց նման։ Այսպես էլ կանայք կանգնում էին քաղաքների փողոցներում ու հրապարակներում դեմ հանդիման եւ բնական պահանջները փոխարինում անբնականներով, ինչպես աստվածային առաքյալն է ասում։ Մի կնոջ մոտ միաժամանակ մտնում էին հայր ու որդի եւ բոլոր եղբայրներն ու ազգականները առհասարակ։ Այդ պատճառով էլ իմաստուն Պողոսը, նախքան այդ ժամանակները աղաղակ բարձրացնելով, ասել էր. «Դրա համար նրանց մատնեց անարգ ախտերի՝ գործելու անվայել բաներ, որովհետեւ նրանց էգերը փոխանակեցին բնական պահանջները։ Նույնպես եւ արուները թողնելով իգականի բնական պետքերը, ցանկությամբ բորբոքվեցին միմյանց նկատմամբ. արուներն արուների հետ էին խառնակվում։ Պետք էր, որ իրենց մոլորության հատուցումը իրենց վրա ընդունեին»։

Այսպիսով, սրա համար Աստված նրանց բարբարոսների ձեռքը մատնեց, որոնք պիտի ընկնեն մեղքերի ու գարշանքի մեջ, նրանց կանայք էլ պիտի պղծվեն պիղծերից։ Եվ նրանց այդ վիճակի մեջ պիտի գցեն Իսմայելի որդիները։ Պարսիկները պիտի ենթարկվեն բնաջնջման։ Սրով պիտի ընկնի Կապադովկիան, պիտի քարուքանդ լինի ու հիմնովին գերեվարվի Սիցիլիան, պիտի անապատ դառնա, եւ նրա բնակիչները պիտի գերեվարվեն ու սպանվեն։ Հուդան պիտի ավերվի ու գերվի։

Բյուզանդացիները փախուստի պիտի դիմեն, կղզիները պիտի կործանվեն, իսկ բնակիչները՝ սրով ու գերությամբ կորչեն։ Հայերը պիտի փախչեն ու գերության տարվեն։ Եգիպտոսը, Արեւելքը եւ Ասորիքը լծի ու նեղության տակ պիտի ընկնեն, նրանց անխնայաբար պիտի ծառայեցնեն, նրանց անձերից հարկ պիտի պահանջեն կարողությունից ավելի, տանջանքների ու նեղության մեջ կգտնվեն՝ ավելի, քան գերության մեջ եղողները։ Եվ Ավետյաց երկիրը երկնքի չորս հողմերի միջոցով պիտի լցվի մարդկանցով՝ մորեխի բազմության նման»: Ապականություն եւ սով պիտի լինի այնտեղ։

Նրանց սատակիչների սրտերը պիտի ոգեւորվեն եւ նրանք ամբարտավանությամբ արժանավորներից պիտի վեր դասվեն մինչեւ իրենց համար սահմանված ժամանակը։ Նրանք պիտի տիրեն մինչեւ հյուսիսի վերջին սահմանները, մինչեւ արեւմուտք, նրանց լծի տակ պիտի լինեն բոլորը՝ մարդ, անասուն, թռչուն, ծովի ջրերը՝ հնազանդվելով նրանց։ Բնակիչներից դատարկված անապատները գերության մեջ եղողներից առավել չափով պիտի գտնվեն նեղ վիճակում։ Պիտի սեփականեն լեռները, ծովի ձկները, անտառի փայտը եւ երկրի հողը: Ե՛վ անպտուղ քարերը, ե՛ւ երկրագործների քրտնաթոր աշխատանքի վաստակը, ե՛ւ բոլոր շտեմարանները նրանցը պիտի լինեն: Նրանք բարկացած սրտով հարկ պիտի պահանջեն մեռածներից՝ կենդանիներին հավասար, որբերին ու այրիներին չպիտի ողորմեն, տնանկին եւ աղքատին պիտի անարգեն, բոլոր ծերերին խռովեցնեն եւ չպիտի խղճան տնանկներին:

Անզգայորեն պիտի հայհոյեն ու ծաղրեն նրանց, որոնք փայլում են իմաստությամբ։ Եվ ամենքը դա լռությամբ պիտի ընդունեն որպես չարաչար օրենք ու չպիտի կարողանան հանդիմանել կամ որեւէ բան ասել, այլ ահից պիտի զարհուրած լինեն։ Ոչ ոք չի լինի, որ կարողանա այլափոխել կամ պարսավել նրանց ասածները։ Ծովից մինչեւ ծով, արեւելքից մինչեւ արեւմուտք, հյուսիսից մինչեւ անապատը պիտի լինի նրանց ճանապարհը։ Եվ այդ ճանապարհը պիտի կոչվի անձկություն։ Նրանով պիտի ընթանան ծերերն ու պառավները, տնանկներն ու մեծամեծները, քաղցածներն ու ծարավիները եւ կապվածները՝ երանի տալով մեռածներին, քանի որ սա առաքյալի ասած ապստամբության պատիժն է։ «Որովհետեւ,ասում է նա, եթե նախ չգա ապստամբությունը, եւ հայտնվի անօրեն մարդը՝ կորստյան որդին»։

Այդպիսով ապստամբության է հորդորում։ Եվ քանի որ Աստված վայրի էշ կոչեց Իսմայելին, այդ պատճառով էլ անապատի իշավայրիներն ու այծյամները եւ բոլոր տեսակի գազանները պիտի ձեռնասուն դառնան ու ընտանեցվեն։ Մարդիկ պիտի սովեն, ապականվեն ու հալածվեն։ Գազանները պիտի սատկեն։ Անտառի բոլոր ծառերը պիտի կտրատվեն։ Լեռների գեղեցկությունը պիտի խաթարվի։ Քաղաքները պիտի ավերվեն, ու նրանց սահմանները անկոխ պիտի մնան, որովհետեւ մարդիկ պիտի պակասեն։ Հողը պիտի պղծվի արյամբ ու դադարեցնի իր պտղաբերությունը, որովհետեւ այն բռնությամբ գրավածները մարդիկ չեն, այլ՝ բարբարոս ու անապատականներ, որ պիտի գան անապատացնելու։ Ապականվածները պիտի ուղարկվեն ապականելու, իրենց սրի ծայրով պիտի հարվածեն հղիներին, մայրերի գրկից պիտի խլեն մանուկներին ու գետնով տան, որոնք գազանների կերակուր պիտի դառնան։

Քահանաներին էլ ներսում, սրբությունների մեջ պիտի սպանեն ու պիտի պառկեն նրանց կանանց հետ՝ սուրբ տան մեջ, որտեղ աստվածային պատարագ էր մատուցվում։ Սուրբ սպասավորության պատմուճանը պիտի հագնեն նրանց կանայք, որդիներն ու դուստրերը եւ այն պիտի գցեն իրենց երիվարների վրա։ Իրենց գրաստները պիտի կապեն սրբերի հանգստարաններում։ Պիտի լինեն սպանողներ ու ապականիչներ՝ որպես քրիստոնյաների ցեղի փորձիչ հուր, որովհետեւ սրբազան առաքյալն ասում է. «Ո՛չ բոլորն են իսրայելացի, որոնք Իսրայելից են»։

Ուրեմն եւ ոչ բոլորն են քրիստոնյաներ, ինչպես Գիրքն է ասում, իսրայելացիներից յոթ հազարը փրկվեցին, որոնք չխոնարհվեցին Բահաղին, եւ ամբողջ Իսրայելը փրկվեց նրանց ձեռքով։ Այսպես եւ ապստամբության եւ Իսմայելի որդիների պատժի ժամանակ սակավ կգտնվեն իսկական քրիստոնյաներ, ինչպես որ հենց ինքը՝ մեր փրկիչն է ասել սուրբ ավետարանում. «Մարդու որդին գալով՝ արդյոք երկրում հավատք կգտնի՞»։

Այն ժամանակ հոգին կպակասի, եւ շատերը կուրանան ճշմարտությունը, կենարար Խաչն ու Սուրբ Խորհուրդը եւ առանց բռնությունների ու չարչարանքների կուրանան Քրիստոսին եւ կգնան ապստամբների ետեւից։ Չէ՞ որ ավելի վաղ աստվածային առաքյալը քարոզելով ասել է, թե՝ «Վերջին ժամանակներում մարդիկ պիտի ապստամբվեն հավատքի դեմ՝ հարելով մոլոր հոգի ունեցողներին, դիվական ուսմունքներին, ստախոսների կեղծավորությանը՝ խաբելու իրենց խղճմտանքը»։

Դարձյալ նույն ինքն է ասել. «Վերջին օրերում պիտի գան չար ժամանակներ, որովհետեւ մարդիկ կդառնան եսասեր, փողամոլ, պարծենկոտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհք, անմաքուր, անմիտ, անողորմ, մատնիչ, հանդուգն, ցոփ, գոռոզ, անբարեսեր, որոնք արտաքուստ աստվածապաշտի կերպարանք կընդունեն, բայց ըստ էության Աստծուն կուրանան»:

Եվ հավատով բոլոր տկարները այն պատժի մեջ կհայտնվեն ու իրենք իրենց հոժարակամ կբաժանեն սուրբ եկեղեցիներից։ Նույն ժամանակը նրանց մոլորության մղեց, որովհետեւ ցածրասիրտներն ու հնազանդները, իսկական քրիստոնյաներն ու Թորգոմյան սերնդի ազատները, իմաստուն ու ընտիր մարդիկ այն ժամանակ ճշմարտությունը չորոնեցին, այլ նրանց փոխարեն փնտրեցին եսասերները, փողամոլները, հայհոյողները, ամբարտավանները, հափշտակիչները, հարբեցողները, պոռնիկները, շնացողները, անողորմները, գողերը, ապստամբները, անխիղճները, բանսարկուները, ցոփերը, գոռոզները, մատնիչները, պարծենկոտները, ցանկասերները, ստրկամիտները, որոնք բարեպաշտի տեսք ունենալով, էապես հրաժարված են բարեպաշտությունից։ Այսպիսիները պիտի լինեն այն օրերի սպասավորներ եւ ուրախությամբ պիտի կատարեն այն ամենը, ինչ որ հրամայվի իրենց։ Եվ երկյուղած աստվածապաշտը նրանց մոտ ոչինչ պիտի համարվի։

Իսմայելի որդիների պատժի ժամանակ մարդիկ հոգեկան անհուսալի պահանջմունքների մեջ կընկնեն։ Կվերանա քահանաների պատիվը, կպակասի Աստծու տան արարողությունը, կլռեն եկեղեցու բոլոր պատարագները, եւ քահանաները ժողովրդի նման կդառնան։ Եվ երբ նրանց դաժան ժամանակը վրա հասնի, կբազմանա մարդու ու անասունի նեղությունը. մարդիկ կապականվեն ու կթափվեն գետին, եւ նրանց համար կավելանա մի ուրիշ հարված եւս՝ երեկոյան կքնի մարդը եւ առավոտյան վեր կենալով՝ իր դռանը կգտնի ոսկու եւ արծաթի հարկահանին։ Կնվազի ոսկու ու արծաթի ամբողջ առեւտուրը։ Մարդիկ կվաճառեն իրենց բոլոր պետքական բաները։ Այդ ժամանակ նրանք կվաճառեն իրենց զավակներին։

Արդ, ասում են, Աստված ի՞նչ պատճառով պիտի անտեսի հավատացյալների նեղություն կրելը։ Չէ՞ որ հավատացյալներն ու անհավատները պիտի երեւան, եւ որոմը պիտի զատվի ցորենից, որովհետեւ այն ժամանակը փորձիչ հուր է, եւ Աստված ներողամտաբար թողնում է, որ ընտրյալները երեւան: Ըստ այդմ՝ ասում է. «Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն, չարչարեն եւ ձեր մասին ասեն ամեն չար ու սուտ բաներ Իմ պատճառով, ցնծացե՛ք եւ ուրա՛խ եղեք, որովհետեւ ձեր վարձը շատ է երկնքում»։

Իսկ Իսմայելի որդիների բերած վերջին նեղության ժամանակ, երբ մարդիկ վտանգվեն ու նրանցից փրկվելու հույս չունենան, նրանց վրա հանկարծակի զայրույթով կհարձակվի Հունաց, այսինքն Բյուզանդիայի թագավորը, ինչպես քնից արթնացած մարդ, որին մարդիկ համարում էին մեռած ու ոչ պիտանի։ Սա նրանց դեմ կելնի Եթովպական ծովից եւ սրածություն ու ավերածություն կգործի մինչեւ Եթրիբ՝ նրանց երկիրը։ Կգերի նրանց կանանց ու մանուկներին։

Թագավորի զինվորները սրով կմտնեն նրանց երկրի բնակիչների մեջ, կկոտորեն եւ նրանց վրա ահ ու սարսափ կտարածեն։ Նրանց բոլոր բանակները կհանձնվեն Բյուզանդիայի թագավորի ձեռքը: Թագավորի լուծը կընկնի նրանց վրա յոթնապատիկ ավելի, քան իրենցն էր նրանց վրա։ Նրանց կվիճակվեն նեղություն, քաղց, ծարավ, չարչարանք։ Եվ իրենք ծառա կդառնան։ Նրանց կանայք ու զավակները կծառայեն նրանց, որոնք իրենց ծառայեցրել էին։

Նրանց ծառայելը կլինի հարյուրապատիկ ավելի դաժան եւ տանջալից, ու կխաղաղվի երկիրը՝ նրանց կողմից ավերված լինելով։ Եվ յուրաքանչյուր ոք կգնա իր երկիրը, իր բնակատեղը՝ Հայաստան, Կիլիկիա, Սիրիա, Աֆրիկա, Գաղատիա, Սիցիլիա, իսկ մնացածները գերությունից իրենց աշխարհը չեն տարվի, այլ երկրի վրա կբազմանան մորեխի պես։ Արաբիան կավերվի, իսկ առափնյա վայրերը կխաղաղվեն։ Բյուզանդիայի թագավորի բարկությունն ու զայրույթը կբորբոքվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ուրացողների նկատմամբ։
Եվ մեծ խաղաղություն պիտի լինի, որպիսին ոչ եղել է, ոչ էլ կլինի։

Հետո վերջում ուրախություն պիտի լինի երկրում։ Քաղաքներ կկառուցեն, քահանաներին վտանգից կազատեն, եւ այն ժամանակ մարդիկ իրենց նեղություններից հանգիստ կառնեն։ Սա այն իրողությունն է, որը ակնարկել է աստվածային առաքյալը, թե՝ «Երբ ասեն խաղաղություն, շենություն եւ ուրախություն, այն ժամանակ հանկարծակի վրա կհասնի նրանց ոչնչացումը»։ Այլեւ Տերը Ավետարաններում ասում է. «Ինչպես որ Նոյի օրերում էին մարդիկ ուտումխմում, կին առնում ու աղջիկ մարդու տալիս, այնպես էլ կլինի ետին օրը»։ Եվ այդ խաղաղության ժամանակ մարդիկ ուրախությամբ կնստեն ուտելխմելու, ցնծալու եւ զվարճանալու. շինություններ կկառուցեն, որ երկյուղ ու հոգ չունենան։

Այն ժամանակ, ըստ Եզեկիելի մարգարեության մեջ ասված այն խոսքերի, թե վերջին օրերին, այս աշխարհի վախճանի ժամանակ, Գոգը եւ Մագոգը պիտի մտնեն Իսրայել երկիրը, կբացվեն հյուսիսի դռները եւ դուրս կելնեն Ալեքսանդրի կողմից հյուսիսի կողմերում արգելափակված ժողովուրդների ուժերը՝ գոգ եւ մագոգ, անիգ եւ ագիգ, աքիազ, դիփոր, փորինացիներ, աղրենացիներ, հոներ, փարզիացիներ, դեկղիմացիներ, սարմատներ, թեթղեացիներ, զարմետացիներ, կաքոնացիներ, ամազարդներ, գարմադատցի մարդակերներ, թարփացիներ, ալաններ, փասկղինկացիներ, արգնեացիներ, սատարեացիներ։ Սրանք քսաներկու թագավորություններ են, որոնք արգելափակված են Ալեքսանդրի կանգնեցրած դարպասների ետեւում։ Մարդիկ կտեսնեն ու կզարհուրեն, կփախչեն ու կթաքնվեն լեռներում, քարանձավներում ու գերեզմանոցներում. շատերն էլ կմեռնեն, եւ ոչ ոք չի լինի, որ կարողանա նրանց թաղել։ Չէ՞ որ հյուսիսի կողմից եկող այդ ժողովուրդները ուտում են գազանների մարմինները, խմում արյունը. այդպես ուտում են բոլոր պիղծ կարիճներն ու սողունները, մեռածների դիակները, կանանց վիժվածքները։ Նրանք կմորթեն մանուկներին եւ ուտել կտան իրենց մայրերին:

Կապականեն երկիրը, եւ ոչ ոք չի լինի, որ կարողանա նրանց դեմն առնել։ Յոթ ու կես տարուց հետո նրանք կհասնեն Հոպպե քաղաքը։ Տերը կուղարկի Իր զորավարին ու նրանց կկոտորի մեկ վայրկյանում։ Այնուհետեւ կգա հունաց թագավորը եւ կբնակվի Երուսաղեմում յոթ ու սրա կես տարի, որը եւ լինում է տասն ու կես տարի: Տասն ու կես տարին լրանալիս երեւան կգա դժոխքի ծնունդը, որը կծնվի Քորազինում, կսնվի Բեթսաիդայում եւ կթագավորի Կափառնաումում։ Եվ կուրախանա Քորազինը, քանի որ իր մեջ է ծնվել, կուրախանա Բեթսաիդան, որովհետեւ այնտեղ է սնվել, Կափառնաումն էլ, որովհետեւ այնտեղ է թագավորել։ Այս պատճառով էլ Տերը Ավետարաններում եռակի վայ է տալիս՝ ասելով. «Վա՛յ քեզ, Քորազին, վա՛յ քեզ, Բեթասայիդա… եւ դու, Կափառնաում, որ մինչեւ երկինք բարձրացար, մինչեւ դժոխք պիտի իջնես»։

Եվ երբ երեւա կորստյան որդին, հունաց թագավորը կբարձրանա լեռան գագաթի այն տեղը, որտեղ կանգնեցվեց Խաչի կենարար փայտը, որի վրա մեխվեց մեր Տեր Աստվածը եւ մեզ համար ընդունեց կամավոր մահը։ Թագավորը կվերցնի իր թագն ու կդնի խաչի վրա եւ ձեռքերը երկինք կտարածի։ Իր թագավորությունը կհանձնի Աստծու եւ Հոր ձեռքը. խաչը թագով հանդերձ երկինք կբարձրանա, քանի որ առհասարակ բոլորի փրկության համար Տերը մեխվեց խաչի վրա, Նրա գալստյան ժամանակ նախ եւ առաջ այն պիտի երեւա՝ ի հանդիմանություն անհավատների: Եվ հունաց թագավորը իր հոգին կավանդի, ու այն ժամանակ կխափանվեն իշխանությունները եւ պետությունները, կկատարվի Դավթի այն մարգարեությունը, որ ասում է. «Լեռները թող ցնծան Տիրոջ առաջ, որովհետեւ Նա է գալիս եւ գալիս է դատելու երկիրը»։

Իսկ կորստյան որդին Դան ցեղից է. ըստ Հակոբ նահապետի մարգարեության դարանակալ օձ է՝ նստած ճանապարհի վրա, սպասում է խայթելու երիվարի գարշապարը եւ վայր գցելու հեծյալին՝ նրան թողնելով Տիրոջ փրկությանը: Այդպիսով, հեծյալը ճշմարտությունը եւ արդարների արքայությունն է, իսկ գարշապարը սրբերն են. ժամանակին հեծած ճշմարիտ հավատքի երիվարը, պիտի խայթվեն այն օձի՝ կորստյան որդու կողմից, վերջին օրը։ Նա ցնորքներով սուտ, անզոր ու ամբարտավանական հրաշքներով պիտի գործի, որովհետեւ իբր թե կույրերը պիտի տեսնեն, կաղերը՝ վազեն, խուլերը՝ լսեն, դիվահարները՝ բուժվեն, արեգակը պիտի խավարի փոխվի, լուսինը՝ արյան։ Իր այս սուտ հրաշքներով ու ցնորքներով պիտի մոլորեցնի հավատացյալներին ու ընտրյալներին։

Ինչպես որ Հակոբ հայրապետը մտքի աչքով տեսավ այս գալիք նեղությունը, որ լինելու էր երկրի վրա, եւ մարդկանց տանջանքը սպանիչ օձից՝ կորստյան որդուց, նկատի ունենալով օձի արածները՝ մարդկության անունից ասաց. «Կսպասենք Քո փրկությանը, Տե՜ր»: Իսկ Տերն էլ ավելի առաջ ասել էր, որ եթե որեւէ հնար լինի, նա կմոլորեցնի նաեւ ընտրյալներին, որովհետեւ պիտի մտնի Երուսաղեմ, նստի Աստծու տաճարում՝ Աստծուն հավասար մարդու տեսքով մարմնավորված տղամարդու սերմից, Դան ցեղի կնոջ արգանդում՝ Հուդա Իսկարիովտացին, որը եւ հենց մատնեց Տիրոջը։ Նա հենց Դան ցեղից էր։

Իսկ երբ կորստյան որդու անօրինությունները շատանան, Աստված չի կարող անտեսել կորուստը մարդկային սերնդի, որին գնել էր Իր արյամբ, շտապ կուղարկի Իր մտերիմ ծառաներին՝ Ենովքին ու Եղիային՝ հակառակորդին հանդիմանելու համար, որոնք բոլոր ժողովուրդների առաջ կդատապարտեն նրա ստախոս ու խաբեբա լինելը եւ կասեն, որ նա եկել է շատերին մոլորեցնելու ու կորստյան մատնելու նպատակով։ Ժողովուրդները նրան տեսնելով՝ կպախարակեն նրա մոլորությունը, կթողնեն ու կփախչեն նրանից եւ կհարեն այն սրբերին։ Իսկ նա, իրեն տեսնելով խիստ խայտառակված ու բոլորից արհամարհված, բարկությամբ եւ ցասումով կբորբոքվի ու կսպանի Աստծու սրբերին։

Այն ժամանակ կերեւա Աստծու Որդու երկնքից գալու հրաշքը, եւ Նա կգա երկնքի ամպերի վրայով, երկնային փառքով, Իր հրեշտակապետերով ու հրեշտակներով, կոչնչացնի չարին՝ Հոգով, Իր բերանով։ Եվ այստեղ պատշաճում է առաքելական պարզ ու հասկանալի խոսքը, թե այն ժամանակ արդարները կփայլեն լուսատունների նման, իսկ ամբարիշտները դժոխք կգնան ու կորստյան կմատնվեն հավիտենապես:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ