Ահաբեկչությունը բումերանգի պես կշրջվի ու ձեզ էլ կհարվածի․ Էրդողանը՝ Գերմանիային
Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ «գյուլենական համայնքին» անդամակցելու մեջ մեղադրվող փախստական դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան չեն հանձնվի Թուրքիային:
Սա զայրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նրա բնորոշմամբ՝ Գերմանիայի կողմից արվող այդ տեսակ հայտարարությունները մտահոգություն են առաջացնում:
«Ահաբեկչությունը բումերանգի պես կշրջվի և ձեզ էլ կհարվածի: Ահաբեկիչներին գրկաբաց ընդունող Գերմանիայի վերջը լավ չի լինելու: Գերմանիան վերածվել է գյուլենականների ետնաբակի: Մենք էլ դրանից ենք անհանգստացած»,- արձագանքել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ 2015թ. մայիսին պաշտոնանկ արված դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան մեղադրվում են Ֆեթհուլլահ Գյուլենի հետ սերտ կապեր ունենալու մեջ: 2015թ. օգոստոսին թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել, սակայն դատախազներին հաջողվել էր մինչ այդ դուրս գալ երկրից: Հայտնի է, որ ներկայումս նրանք բնակվում են գերմանական Ֆրայբուրջ քաղաքում:
Բեռլինում Թուրքիայի դեսպանատունը հատուկ նոտայով Գերմանիային կոչ էր արել դատախազներին արտահանձնել Անկարային: