Անվադողերի արժեքը կրկնակի բարձրացել է
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը այլ ապրանքների գների վրա միանշանակ կանդրադառնա, ինքնարժեքի իջեցում կլինի: «Մեր գները նվազելու են ինքնաբերաբար, իհարկե, այստեղ նաև առաջարկ-պահանջարկի խնդիր կա, բայց վստահ եմ, որ դրական առումով մեծ ազդեցություն է ունենալու»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին՝ սակագների վերանայման մասին, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ երեկ ձյուն է եկել, ու կրկնակի աճել է անվադողների գինը, և նշանակում է, որ երբ մասսայական անրաժեշտություն է առաջանում, ոչ ոք չի կարողանում վերանայել գնաճը ու քաղաքացուն պաշտպանել նման ոտնձգություններից:
«Մենք ապրում ենք շուկայական տնտեսության երկրում, ու եթե մեկն այդ օրը նման քայլ է անում, վստահ եմ, հաջորդ օրը դա իր տեղն է ընկնելու»: