Օպտիմալացումը պետք է արվի խելացի, տրամաբանված. նախարար
Ազգային ժողովում «2017 թվականի ՀՀ պետական բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հետաքրքրվեց, թե միգուցե կարելի էր հետաձգել բյուջեի նախագիծը: Առաջարկի պատճառն այն է, որ Կառավարության ծրագիրն ընդամեն օրեր առաջ է ընդունվել, և միգուցե հարկ կա այս բյուջեն համապատասխանեցնեն այդ ծրագրին:
Նախարարն արձագանքեց, թե բյուջեն կարևոր փաստաթուղթ է, ու այստեղ գործընկերների հետ քննարկելուն զուգահեռ նաև ներքին կարգով էլ են քննարկումներ անում, և շտկումներ լինելու են: Նա ասաց, որ միայն սոցիալական աշխատավարձի վերաբերյալ կարող է փոփոխություն լինել: Պատգամավորը նկատեց, որ օպտիմալացման հետևանքով հնարավոր են կրճատումներ, և դրանք էլ պիտի որ փոփոխությունների բերեն բյուջեում:
«Այն, ինչ որ մենք անելու ենք, այդ օպտիմալացումը պետք է արվի խելացի, տրամաբանված, գոնե տնային աշխատանք պետք է կատարված լինի, իսկ եթե սկզբունք որդեգրես, որ այս գերատեսչությունը փակվում է ու վերջ, սխալ կլինի լինի, պիտի հասկանալ, որ գերատեսչությունն է կատարում այդ նույն ծառայությունները:
Միանգամից բռնել-կրճատելը տնտեսության մեջ խեղումներ կառաջացնի»,-եղավ նախարարի պատասխանը:
Ինչ վերաբերում է պատգամավորի հաջորդ հարցին, թե ինչու են նախապես հայտարարում, որ տնտեսական պասիվություն է լինելու, ապա Վ. Արամյանը պատասխանեց, թե տնտեսական պասիվացման մասով նկատի են ունեցել տնտեսական աճի ցուցիչը, որ գնահատված է 4.4 տոկոս: «Մենք ունեցել ենք արտաքին շոկեր, ու տնտեսական պոտենցիալը հենց դրանով է պայմանավորված, ու ամեն դեպքում դա պասիվ շրջան է դիտվելու»: Նա հավելեց, որ ազդակը տալիս են, որ 2017 թվականին ջանքերով վերականգնում իրականացնելու են: