Ավագ լեյտենանտը դանակահարել է զինվորին. Ժամանակ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:
51-ամյա Դավիթը պայմանագրային զինծառայող է. նա ինժեներատեխնիկական դասակի հրամանատար է, կոչումով՝ ավագ լեյտենանտ:
Ըստ դատական ակտի՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Գ.-ն 2016 թվականի հունիսի 14-ի առավոտյան՝ նախաճաշից հետո, գնացել է զորանոցի մասնաշենքի մոտ՝ ինչ-որ մեկից ծխախոտ խնդրելու:
Գումարտակի անձանակազմը դեռ ճաշարանում էր: Ալբերտը նստել է զորանոցի մուտքի աստիճաններին ու սպասել է:
Այդ ժամանակ մոտեցել է դասակի հրամանատար, 51-ամյա ավագ լեյտենանտ Դավիթ Մ.-ն: Նա պահանջել է, որ Ալբերտը ոտքի կանգնի:
Ալբերտը, դատական ակտի համաձայն, ձեռքով բարևել է ավագ լեյտենանտին, հարցրել է, թե նա ո՞նց է: «Լավ եմ»,- ասել է Դավիթ Մ.-ն:
Շարքային Ալբերտ Գ.-ն, իրեն տնավարի պահելով, ձեռքը դրել է ավագ լեյտենանտի որովայնին ու ասել է, թե նա գիրացել է:
Ավագ լեյտենանտը փորձել է սաստել նրան. «Քո հավեսը չունեմ», ապա պահանջել է, որ զինվորն այլևս նման բաներ չանի:
Ալբերտը պատասխանել է, թե իրենք ընկերներ են, ինքը պարզապես կատակում է:
Ավագ լեյտենանտը հիշեցրել է, որ իրենց միջև տարիքային մեծ տարբերություն կա, իրենք ծառայության մեջ են, չեն կարող ընկերներ լինել:
Բայց շարքային Ալբերտ Գ.-ն շարունակել է իր «հանաքները». Նա ձեռքը դրել է ավագ լեյտենանտի ուսին, հետո՝ որովայնին ու նույնիսկ՝ հետույքին՝ խոսելով նրա գիրությունից:
Ավագ լեյտենանտը զայրացել ու մի անգամ ևս պահանջել է, որ զինվորն իրեն կարգին պահի:
Այնուհետև ավագ լեյտենանտը մտել է զորանոց, գնացել է իր հրամանատարության տակ գտնվող դասակի ննջարան:
Շարքային Ալբերտ Գ.-ն գնացել է ավագ լեյտենանտի հետևից և զորանոցում նույնպես շարունակել է իր կոպիտ «հանաքները»:
Ավագ լեյտենանտ Դավիթ Մ.-ն հրել է նրան, պահանջել է ձեռքերը հետ քաշել ու կրկնել է, որ հիմար կատակների հավես չունի: Նա պահանջել է, որ Ալբերտը դուրս գա զորանոցից:
Բայց շարքային Ալբերտ Գ.-ն, շարունակելով իր հրահրող պահվածքը, ասել է, թե ոչ ոք չի կարող ասել՝ ինքը ուր մտնի ու որտեղից դուրս գա: Բանի տեղ չդնելով ավագ լեյտենանտի խոսքերը՝ նա գնացել է կողքի ննջարան:
Ավագ լեյտենանտ Դավիթ Մ.-ն, վիրավորվելով զինվորի պահվածքից ու գործողություններից, մոտեցել է օրապահի պահարանի մոտ կանգնած հերթապահ զինվորին, պատյանից քաշել-հանել է նրա զինվորական գոտուն ամրացված, սառը զենք հանդիսացող սվին-դանակը, մտել է հարևան ննջարան ու սվին-դանակով մեկ հարված է հասցրել շարքային Ալբերտ Գ.-ի ձախ ձեռքին՝ պատճառելով ձախ բազկի շրջանի ծակած-կտրած վերք՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածք:
Դավիթ Մ.-ին այս արարքի համար մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով՝ զինվորական ծառայություն կրելու վայրում ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ ու առողջությանը թեթև վնաս պատճառելով:
Ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: