Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել սարիթաղցիներին
«Ես որևէ երկրում նման բան չեմ տեսել, երբ նախագահի թեկնածուին կարող են անազատության մեջ պահել, երբ կան բազմաթիվ հանրային մարդկանց ստորագրություններ, 22 պատգամավորի ստորագրություն, միջնորդություններ», – լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
Նա նշեց՝ հանդիպել է ամուսնու հետ. «Անդրիասը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել բոլոր իր աջակիցներին, շատ քաղաքական ուժերի, պատգամավորների, հայտնի մարդկանց, ովքեր երաշխավորել են իր համար», – ասաց Ա. Թարխանյանը:
Կնոջ փոխանցմամբ՝ ամուսինը շնորհակալություն է հայտնել նաև Սարի թաղի ժողովրդին:
«Նա ասաց՝ փոխանցեմ իր շնորհակալությունը Սարի թաղի ժողովրդին, ովքեր ոչ միայն իրեն, այլև մյուս բոլոր ցուցարարներին, ձեռք են մեկնել, օգնել են, հեռախոս են տրամադրել, ջուր են տվել, առաջին բուժօգնություն են տրամարդել», – նշեց Անդրիաս Ղուկասյանի կինը:
Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով(զանգվածային անկարգություններ հրահրելը)։
Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսի 30-ից:
Սեպտեմբերի 24-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: