«Դա առեղծվածային պատմություն է»
Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի պաշտպան, փորձագետ Մարտին Կեոնը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով վերականգնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
«Դա առեղծվածային պատմություն է: Տարօրինակ է, երբ դու այդքան գումար ես ծախսում ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, իսկ հետո նրան չես օգտագործում խաղադաշտում: Հնարավոր է, որ Մոուրինյոն ունի Մխիթարյանի հետ կապված ծրագիր: Չի բացառվում, որ մարզիչը ցանկանում է, որ Հենրիխը վերադառնա լավագույն մարզավիճակին եւ շրջանցի դժվարությունները:
Գուցե Մոուրինյոն զգում է, որ ֆուտբոլիստը լիովին պատրաստ չէ եւ չի վստահում նրան: Պետք չէ մոռանալ, որ մարզիչը մեծ ճնշման տակ է հայտնվել վերջին շաբաթներին: Խնդիրն այն է, որ երբ դու ձեռք ես բերում այդ կարգի խաղացողի եւ չես խաղացնում նրան, դու «կոտրում» ես նրան: Ֆուտբոլիստի ձեռքբերումը նշանակում է, որ դու վստահում ես նրան եւ ցանկանում, որ լինի քո նախագծի մի մասը: Սա առաջին դեպքը չէ, երբ բարձր կարգի խաղացողը նման խնդրի է բախվում «Մանչեսթեր Յունայթեդում»,- գրել է Կեոնը:
Հիշեցնենք՝ 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: