Ես ոչ ներելու, ոչ ներվելու խնդիր չունեմ. Շարմազանովը՝ Ծառուկյանի հայտարարություններից (վիդեո)
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են հերթական համագումարի կազմակերպչական խնդիրները, սպասվող փոփոխությունները, ներկուսակացական ու ներքաղաքական հարցեր, ամփոփվել են ԱԺ_ի հերթական քառօրյայի աշխատանքները, համանախագահների այցը: Այս մասին նիստից հտո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Պատասխանելով հարցին, թե կուսակցությունում համարում են ներված և ինչպես են վերաբերում ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարություններին, Շարմազանովն ասաց, որ կուսակցությունում ծառուկյանի հնարավոր վերադարձի, կամ ներել-չներելու հարցը չի քննարկել:
«Կուսակցությունն ունի իր քաղաքական օրակարգը, շարվժում է այդ օրակարգով, նախաձեռնում է լայնածավալ բարեփոխումներ»,-նկատեց նա՝ հավելելով, որ արդեն երեկ այս մասին խոսել է, ավելացնելու բան չկա. «Իսկ եթե կոնկրետ հարցեր ունեք, տվեք այն մարդկանց, ովքեր ներելու ու ներվելու կարիք կամ խնդիր ունեն, ես ոչ ներելու, ոչ ներվելու խնդիր ունեմ, խոսել ենք բացառապես երևույթներից: Քաղաքականության մեջ պետք է լինի կոռեկտություն, համերաշխություն, քաղաքական մշակույթ, ոչ կոռեկտ գնահատականները պետք է լինեն անցյալում: Հերիք է հետ նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ, իսկ ապագան, կարծում եմ, կլինի ավելի գեղեցիկ, համերաշխ ու հանդուրժողական»,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը: