Տա Աստված, որ սրանց մի մասն իրականություն դառնա. դատապարտյալներին տրվող առավելություններից
Ազգային ժողովում քննարկվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Փոփոխությամբ նախատեսվում է, որ նախկին դատապարտյալները ազատագրվելուց 6 ամիս առաջ պիտի դառնան զբաղվածության ծառայության շահառու, և արդեն ազատության մեջ գտնվելու ժամանակ հնարավորություն կունենան որևէ արհեստ կամ լրացուցիչ գիտելիքներ ուսանելու, որն էլ հնարավորություն կտա կրկնահանցագործությունը կանխել և ապահովել նախկին դատապարտյալների վերադարձն ու ավելի հեշտ ինտեգրումը հասարակություն:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց, թե արդյոք հավատում է այս նախագծով նախատեսվող փոփոխությունների իրական դառնալուն, ինչպես նաև թե ՀՀ-ում նախկին դատապարտյալների քանի տոկոսն է աշխատանք գտնում , ովքեր են լինելու վերապատրաստողները: Նա նաև խնդրեց ներկայացնել, թե ինչ առաջընթաց կա ՔԿՀ-ներում ընդհանրապես՝ հաշվի առնելով, որ մշտապես այնտեղ եղած խնդիրների մասին են բարձրաձայնվում:
Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չեն առաջանում այս փոփոխության հետևանքով: Հարցը քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, և զբաղվածության ծառայությունն անցկացնում է մրցույթ, որպեսզի ընտրի վերապատրաստողներին: «Կան մասնագիտացված ծառայություններ, նույնիսկ գործատուներն են դա անում: Նախարարությունն էլ ունի համագործացող կառույցներ այս ուղղությամբ՝ Իրավախախտում կատարած անձանց վերապականգնման կենտրոնն ու Դատապատյալների հիմնադրամը, որ կարող են լրացուցիչ այդ կրթությունը կազմակերպել»,-նշեց նա:
Վերջինս տեղեկացրեց, որ կոնկրետ տվյալներ չունի, թե նախկին դատապարտյալների որ տոկոսն է աշխատանք գտնում, սակայն վստահեցրեց՝ այդ տոկոսը շատ ցածր է:
Ինչ վերաբերում է հավատալ-չհավատալուն, ապա փոխնախարարը շեշտեց. «Հավատացեք, մենք Արմավիրում փորձնական կարգով մասնագիտական ուսուցում ենք կազմակերպում, ու շատ մեծ հետաքրքրություն կա դատապարտյալների կողմից: Բացի այդ ընտրելու ենք այնպիսի արհեստներ ու մասնագիտություններ, որ դատապարատյալն ինքը կարող է կիրառել օրինակ՝ որպես անհատ ձեռներեց, պարզագույն աշխատանքային տեղավորման տոկոսն անհամեմատ բարձր կլինի»: Իսկ ՔԿՀ-ներում ունեցած առաջընթացի մասին Ս. Քրմոյանը նկատեց, թե նախարարությունն այս տարի գերբեռնվածության խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծել է, տարվերջին մանրամասները կներկայացվեն, բայց այս պահին հավելեց՝ լուրջ երաշխիքներ ու ընթացող ծրագրեր այս պահին ունեն:
«Տա Աստված, որ սրանց մի մասը գոնե իրականություն դառնա»,-եղավ պատգամավորի արձագանքը: Նա իր հերթին հորդորեց, որ որևէ բան նախաձեռնելուց առաջ պիտի հասկանան՝ դա իրականություն կդառնա և ոչ: Թեև ողջունեց նախագիծը, սակայն թերահավատորեն ասաց, որ ՀՀ-ում գործազրկության տոկոսն այնքան բարձր է, որ այս նախագծով նախկին դատապարտյալների աշխատանք գտնելու խնդիրը չի լուծվելու: