ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Վորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ բանակցային գործընթացի ռազմաքաղաքական ասպեկտներին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:
Նախարար Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում, պարբերաբար աճում է կրակոցների քանակը, մեծանում է կիրառվող զենքերի տրամաչափը` հանգեցնելով նոր զոհերի: Վիգեն Սարգսյանը նշեց, որ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար Հայաստանը կարևորում է շփման գծում հրադադարի անվերապահ պահպանումը և հակամարտ կողմերի միջև վստահության ամրապնդումը:
Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու, դեսպան Ա.Կասպիշիկի գործառնական հնարավորություններն ընդլայնելու ուղիների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեռ Անդրիոյին վերջին երկու տարիների ընթացքում արդյունավետ միջնորդական աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: