Կառավարությունը դիզելային վառելիքի շուկայում մենաշնորհ է սահմանել. Փաշինյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատմարտիկ Վահան Բադասյանի՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի մասին մամուլով արված հայտարարությունների շուրջ:
«Նա մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարման ոլորտում կոռուպցիոն ներգրավածության մասին, մասնավորապես ալյուրի , հացի, հացահատիկի մասին: Ըստ պարոն Բադասյանի՝ պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել: Կարծում եմ՝Կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի այս խնդրին, և ԱԺ-ում հանդես գա հատուկ պարզաբանմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այս խնդրի կապակցությամբ պարզաբանում տվել է, բայց, միևնույնն է, Վահան Բադասյանը շարունակում է պնդել իր խոսքերը:
Պատգամավորը բարձրաձայնեց նաև «Արագգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արարատ Թումանյանի ահազանգի մասին, ըստ որի՝ իրեն արգելել են Հայաստան ներկրել մոտ 100 տոննա դիզելային վառելիք:
«Իր պատմելով՝ Հայաստան ներկրվող դիզելային վառելիքի չափանիշները փոխվել են էնպես, որ փաստացի ստացվում է՝ Հայաստան կարող է ներկրվել միայն Ռուսաստանում արտադրված դիզելային վառելիք: Եթե սա համապատասխանում է իրականությանը, ստացվում է՝ կառավարությունը, որոշակի սահմանափակումներ դնելով, դիզելային վառելիքի շուկայում մենաշնորհ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության համար»,- մանրամասնեց Փաշինյանը: