Ինչ երաշխիք կա, որ չի տապալվելու
«Դժվար է մեկ ամսում գնահատել Կառավարության աշխատանքները, նույնիսկ 6 ամսում է դժվար գնահատել դա, որովհետև տնտեսական աճը մենք այդքան կտրուկ չենք կարող տեսնել 6 ամիս հետո, բայց դրա միտումներն ակներև կարող են լինելու, ու մենք կհասկանանք ճիշտ ուղղությամբ ենք գնում, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն` ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե այս մեկ ամսում, որ նոր Կառավարություն ունենք, բարեփոխումներ արձանագրվե՞լ են:
Հարցին, թե որն է երաշխիքը, որ այս Կառավարությունն իրագործելու է ծրագիրը և նախորդների նման զուտ թղթի վրա եղած խոստումներ չի ունենալու, նա պատասխանեց. «Աշխարհը փոփոխվում է, փոփոխություններն ավելի են արագանում, մարտահրավերները, որ դրվում են այսօր, մեր զարգացումներն ու մեր առաջընթացին համահունչ չեն, դրա համար ավելի արագ փոփոխություններ են պետք անել, այսինքն ոչ թե չկար ցանկությունը, բարի կամքը, դա միշտ եղել է, ամենշատ ցանկությունը միշտ ունենում է վարչապետը` գրանցելու հաջողություններ, բայց փոխվում են զարգացման տեմպերը, ոչ թե բարի կամքի դրսևորումը»: