ՀՐԱՏԱՊ. Շրջվել է Սևանի ուսանողական ավտոբուսը. զոհ և վիրավորներ
Երևան-Սևան ճանապարհին վթարի է ենթարկվել Սեւանի ուսանողական ավտոբուսը:
Նախնական տվյալներով` կան տուժածներ, 8 հոգի տեղափոխվել են տարբեր բժշկական հաստատություններ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը բախվել է դիմացից եկող ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Հրազդանի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել դեպի Երևան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Opel-ին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի Վարդգես գյուղի բնակչուհի, 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանն էր, Mercedes-ը վարել է Վարդգես գյուղի բնակիչ, 50-ամյա Գագիկ Ստեփանյանը, Opel-ը վարել է Արարատի մարզի Ավշար գյուղում գրանցված, սակայն փաստացի Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող 34-ամյա Շավարշ Գևորգյանը։
Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդգես գյուղի բնակիչներ, 21-ամյա Շահանե Սմբատյանը, 18-ամյա Սոնա Ավետիսյանը, 18-ամյա Լուսինե Հակոբյանը, մահացած Հ. Գասպարյանի եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը և 20-ամյա Մետաքսյա Մաթևոսյանը։ Հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորներն ու մահացածը ուսանողներ են։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Mercedes-ի անվադողերն ամբողջովին «քաչալ» էին, մինչդեռ արդեն քանի օր է, ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի մեքենաների անվադողերը փոխեն ձմեռայինով, սակայն, ինչպես միշտ, լինում է այն, ինչ լինում է։