Գուսան Հայկազունն էլ բնակարան կստանա
Հոկտեմբերի 5-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նիստի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են իրենց գործընկերոջ՝ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Աշոտ Պապայանի հիշատակը:
Անցնելով օրակարգի հարցերին` Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը նվիրել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի ընտանիքին:
Ավագանու մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի բազմանդամ ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, Երևանի ավագանու որոշումով նույնպես կտրամադրվի Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարան:
Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երևանի ավագանու որոշումով բնակարան կտրամադրվի նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն:
Ավագանին հաստատել է նաև ութ անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը:
Երևանի ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ կտրամադրվեն նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն