Ուսուցչի դերը դարձել է առավել կարևոր. Երևանի քաղաքապետ
Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Մեր դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրել հասարակական կյանքում: Եվ դա պատահական չէ, քանզի որոշակի տարիքից մարդու աշխարհայացքը, կենսակերպը ձևավորվում է մանկավարժ-ուսուցչի հոգևոր ու մտավոր անմիջական ազդեցությամբ:
21-րդ դարում աներևակայելի կերպով մեծացել է գիտելիքի դերը, գիտությունը զարգանում է թռիչքաձև՝ ստիպելով մարդուն նորանոր որակներ փնտրել իր ներսում և դրանք ի սպաս դնել պետությանը, ազգին, մարդկությանը: Դա նշանակում է, որ ուսուցչի դերը դարձել է առավել կարևոր, պարտավորեցնող: Ու դա օրինաչափ է, քանի որ հենց ձեր աշխատանքի որակից է կախված, թե վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն, ովքեր կձևավորեն մեր հանրությունը՝ որոշելով պետության ապագան: Եվ այսօր դուք ապացուցում եք, որ ոչ միայն շարունակում եք ձեր անվանի նախորդների գործը, այլև աշխատում եք ժամանակի ոգուն համահունչ, և դրա ապացույցը մեր աշակերտների փայլուն արդյունքներն են միջազգային ամենատարբեր մրցույթներում: Ու համոզված եմ, որ նույն ոգով ու նվիրումով շարունակելու եք ձեր անչափ պատասխանատու և պատվաբեր առաքելությունը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաջառողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին: Թող հաջողությունն ու ստեղծագործական վերելքը լինեն ձեր մշտական ուղեկիցը կյանքում և աշխատանքում: