Ստամբուլում կբացվի Կարապետ Պալյանի դամբարանը
Ստամբուլում ավարտվել է հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանի դամբարանի կառուցումը: Թուրքական «Sabah» թերթը տեղեկացնում է, որ «Ստամբուլի ճարտարապետի» դամբարանի բացմանը մասնակցելու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն:
Կարապետ Պալյանի դամբարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 2 տարի առաջ, երբ Ստամբուլում շինարարության ժամանակ գտնվել էր նրա տապանաքարը: Արտասահմանում բնակվող Հակոբ և Հրաչ Քրմզյան եղբայրները հոգացել են Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը դամբարանի կառուցման ծախսերը:
Դամբարանի բացումը, որտեղ թաղված են նաև ճարտարապետներ Գրիգոր Ամիրա Պալյանը, Սարգիս Պալյանը և Պալյան ընտանիքի այլ հայտնի անունները, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ մշակույթի և զբոսաշջության նախարար Նաբի Ավջըի, Կ.Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի մասնակցությամբ:
Նշենք, որ Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի, ինչպիսիք են Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքի, Դոլմաբահչեի պալատի, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքի ճարտարապետը: