Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի ու հայրենադարձության. Շարմազանովի առաջարկը
Ազգային ժողովում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներեգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ, շեշտադրումների, առաջնայնությունների որոշակի մակարդակի բարձրացնելով կամ նոր մոտեցումների մեկնարկով:
Արփինե Հովհաննիսյանին հարցով դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Մենք ժամանակին, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, ստեղծեցինք Սփյուռքի նախարարություն, և բնական է, որպես սփյուռք ունեցող ազգ՝ շատ պահանջված էր այդ նախարարության ստեղծումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում մեր թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևոր ու առանցքային խնդիրներից մեկը ՀՀ, Արցախի հանրապետություն ու Սփյուռք միասնությունն է, ապա այս նախարարությունը, իհարկե, կարևոր է, բայց անվանումն, իմ սուբյեկտիվ կարծիքով, ամբողջական չէ, ու առաջարկում եմ կառավարության քննարկման առարկա դարձնել Սփյուռքի նախարարության վերանվանումը Սփյուռքի ու հայրենադարձության նախարարություն: Մենք ֆունկցիա դնենք, ու դա շատ կարևոր է, որ ազգահավաքը լինի բոլորիս նպատակը: Մեր ռազամավարական նպատակը պետք է լինի, որ բոլոր հայերիս հայացքներն ուղղված լինեն մայր Հայաստանին, անկախ նրանից մենք քանի միլիոն հայ ունենք, և հայրենադարձությունը շատ կարևոր է»:
Շարմազանովը հիշեցրեց, որ կա ևս մի պետություն՝ Իսրայելը, որ նման մեծ սփյուռք ունի, և կարելի է հենց այդ օրինակից օգտվել, և սա դարձնել պետության ռազմավարությունը:
«Սա մեսիջ կլինի ողջ հայությանը, որ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի քաղաքական ուժերը հիմքում դնում են սփյուռքը որպես ոչ միայն միջոցառումներ կամ դոնորներ, այլ նախևառաջ մեր սփյուռքահայ եղբայրներ, սա պետության ռազմավարությունն է, կլինի 5 տարի, 10 տարի, մենք պիտի կարողանանք երկարաժամկետ ու հավակնոտ ծրագրեր մշակենք»:
Արփինե Հովհաննիսյանը կարևորեց այս հարցադրումն ու այն ընդունելի համարեց՝ նշելով, որ այս առաջարկությունն ընդունում է ի գիտություն, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկման առարկա կդարձնենք ու կառավարության որոշման մասին կհայտնեն կառավարության նիստի ժամանակ: