Թափառաշրջիկը՝ խոշոր «ներմուծող»․ ուշագրավ դեպք
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անօրինական ներմուծման ուշագրավ դեպք: Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ, Կ.Ս.-ի անունով 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 մլն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ և արևածաղիկ: Ստանալով համապատասխան տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 22-րդ բաժնի կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ.Ս.-ի ինքնությունը պարզելու և ՀՀ տարածք ներկրված ապրանքների բեռնաթափման և տեղակայման վայրերը ճշտելու նպատակով: Ձեռնարկված քայլերի արդյունքում Կ.Ս.-ն հայտնաբերվել է: Պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցու շրջակայքում մուրացկանությամբ զբաղվող Կ.Ս.-ն 2016թ. մարտին կորցրել է անձնագիրը, որը հետագայում հեռուստաընկերություններից մեկի միջոցով գտնվել և վերադարձվել է իրեն: Քաղաքացու կողմից նշված խմբաքանակով ապրանքների ներկրման անհնարինությունը տեսանելի էր թե սոցիալական ծանր պայմաններում ապրելու, թե ՀՀ տարածքը լքած չլինելու անհերքելի փաստերով: Դեպքին վերաբերող բոլոր փաստագրական տվյալներն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու և ապրանքների իրական ներկրողներին հայտնաբերելու նպատակով: ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին