«Ղեկի մոտ վիճակախաղի տոմս վաճառողի մտածողությամբ մարդիկ են». կառավարման փորձագետ
«Եթե նախկին եւ ներկայիս իշխանությունները չեն կարողացել տնօրինել Հայաստանի անկախությունը, իրենք են մեղավոր, ոչ թե անկախության գաղափարը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Կառավարման փորձագետի խոսքով՝ կառավարությունը պետք է երկրի զարգացման ծրագիր առաջ քաշի. «Իսկ կենացներից կառավարության ծրագիրը տարբերվում է նրանով, որ դրանում գրված է ըստ տարիների եւ նույնիսկ ըստ եռամսյակների, թե ինչ է պետք կատարել եւ ով է պատասխանատու դրա համար: Եվ եթե նա ձախողի, ինչպես է պետք պատժել նրան», – ընդգծել է Մեսրոբյանը:
Նա նշել է, որ Հայաստանի ընդդիմությունը ոչնչով ավելի լավը չէ, այդ թվում նաեւ` ամենաարմատականը:
«Անկախությունը երկրի կառավարման հնարավորություններ է տվել: Բայց եթե ղեկի մոտ վիճակախաղի տոմս վաճառողի մտածողությամբ մարդիկ են, նրանք այդ հնարավորությունները մինչեւ վերջ չեն տեսնի: Եթե ինչ-որ բան չի ստացվում, իրենք են մեղավոր», – եզրափակեց Հարություն Մեսրոբյանը: