Ինչպե՞ս է թուլացվելու հեռուստատեսության միջոցով ատելության զսպանակը
Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանը: Նա հայտարարեց՝
Հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառում խնդիրներ կան, ապա նշեց՝ ընտրվելու դեպքում կարող է նաև մասնակից լինել Հայաստանի էլեկտրոնային մեդիայի զարգացմանը:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ թեև անկախությունից ի վեր բավական մեծ ծավալի աշխատանք է կատարվել հեռուստառադիո ոլորտը կարգավորող օրենքների կիրառման, կարգավորման գործում, սակայն այսօր չեն կիրառվում հեղինակային իրավունքի պահանջները, երբեմն խախտվում է գովազդի մասին օրենքը, որտեղ հանձնաժողովն աշխատելու տեղ ունի:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ինչպե՞ս է պատկերացնում հեռուստատեսության միջոցով ատելության զսպանակի թուլացումը, որի մեջ մեծ դերակատարություն ունի առաջին հերթին հեռուստամեդիան:
Թեկնածուն սակայն դժվարացավ պատասխանել, որովհետև դեռևս միայն հանձնաժողովի անդամի հավակնորդ է, այդ կառույցում չի աշխատել, բայց խոստացավ ընտրվելու դեպքում հանձնաժողովի հետ միասին ներկայացնել հայեցակարգ:
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանում հեռուստատեսությունն ապահովո՞ւմ է անաչառ ու բազմակողմանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն:
«Հանրությունն ունի իրավունք բազմակողմանի անաչառ ինֆորմացիա ստանալու: Այո, դա պետք է նաև ապահովվի հեռուստատեսությունների բազմակողմանի ինֆորմացիայի տարածման արդյունքում: Ընդհանրապես, դա գուցե վիճելի թեզ է, բայց ես այն կարծիքին եմ, որ խոսքի բազմազանությունն ու անաչառությունը չի կարող ապահովել մի լրատվական միջոց, դա ապահովում է ողջ համակարգը: Մի հեռուստատեսություն կարող է դավանել սոցիալական, սոցիալիստական ուղղվածություն, մյուսը՝ ազատական և այլն, ու հանրությանն այսպիսով տրվում է ընտրելու հնարավորություն, ինչը որոշ չափով Հայաստանում ապահովված է»,- պատասխանեց Տիգրան Հակոբյանը: