Գերմանական «Der Spiegel»-ի՝ Թուրքիային քննադատող հատուկ համարը

Գերմանական «Der Spiegel» ամսագիրը Թուրքիային նվիրված հատուկ համար է հրատարակել: Թուրքական «memurlar.net» լրատվակայքի համաձայն՝ հայտնի ամսագրի նոր համարի բովանդակությունը հակաթուրքական բնույթ ունի:
Ամսագրի շապիկին տեղ են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը և Թուրքիայի դրոշը: Իսկ առաջին պլանում մզկիթի պատկեր է, որի աշտարակները (մինարեթ) պատկերված են թռիչքի պատրաստվող հրթիռների տեսքով և, ըստ թուրքական կայքի, խորհրդանշում են «իսլամականության վերելքը»: Շապիկին տեղ է գտել նաև Թուրքիային վերաբերող «Երկիր, որը կորցնում է ազատությունը» բնութագիրը:
Ամսագրի շապիկին զետեղված վերնագրերի համաձայն՝ «Der Spiegel»-ի նոր համարում անդրադարձ է կատարվում 3 հիմնական թեմայի: Դրանք են՝ «Բռնապետ. Էրդողանի քաղաքականությունը հեղաշրջումից հետո», «Քրդեր. պայքար սեփական երկրի համար», «Ինտեգրացիա. Գերմանիայի թուրքերի վախը»:
Իսկ գերմանական «Die Welt» թերթն անդրադարձել է պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանությանը: Թերթն այս ոճրագործությունը կապել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: «Die Welt»-ը հրապարակել է անմիջապես Դինքի սպանությունից առաջ մարդասպան Օգյուն Սամասթին պատկերող մի տեսանյութ՝ «Խորհրդավոր տեսանյութն Էրդողանի դեմ կասկածներ է հարուցում» վերնագրի ներքո: