«Կադրային արյուն» չպիտի թափվի
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համելտ Հարությունյանը վստահ է` ռադիկալ փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանին, կառավարման համակարգին. «Բայց այն «կադրերին» պիտի փոխեն, ովքեր վարկաբեկված են, ովքեր մեղադրվում են այս կամ այն զանցանքների, հանցանքների մեջ: Դուք ուզում եք բոլորին փոխել, կամ «արյուն» լինի կադրային: Ես դրա հետ համաձայն չեմ: Այն կադրերն, ովքեր իրենց արդարացրել են, պետք է մնան ու շարունակեն իրենց աշխատանքը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Հ. Հարությունյանի` ընդդիմության պահանջով չէ, որ որևէ պաշտոնյայի պետք է հեռացնել:
Հարցին, թե կան նախարարների, ովքեր պիտի լքեն պաշտոնները, քանի որ լավ չեն աշխատել, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, կան, որ չեն աշխատել, կան, որ լավ են աշխատել»: Դիտարկմանը, որ ըստ արդեն ձևավորված ավանդույթի ոչ լավ աշխատանք կատարած «կադրերին» ուղղակի այլ աշխատանքի են տանում, նա արձագանքեց. «Չեմ կարծում: Կան նախարարներ, որ պարապ-սարապ են, բա ո՞նց եք դուք ասում, որ աշխատում են: Ասենք
հանել են, ու մինչև հիմա աշխատանքով ապահովված չեն: Իսկ ընդհանրապես համաձայն չեմ նաև, որ «կադրերին» հանեն ու փողոց շպրտեն: Կարող է` նա որպես նախարար իրեն չի արդարացրել, սակայն որպես վարչության պետ իրեն արդարացնի: Նրանց հետ էլ պետք է զգույշ վարվել»:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հրաժարական է ներկայացրել օրեր առաջ, և ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն վարչապետի պաշտոնում Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է: Ըստ լուրերի` Աժ-ի կողմից հաստատվելու դեպքում նա մի շարք փոփոխություններ է պատրաստվում անել Կառավարության կազմում: