Հրապարակվել է Հրանտ Դինքի մարդասպանի ձերբակալությունից հետո արված տեսանյութը /վիդեո/
Թուրքական «Kanal 24» հեռուստաալիքը նոր կարդրեր է ցուցադրել «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ձերբակալումից հետո արված սկանդալային տեսանյութից:
Սամսուն քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են Սամասթի շուրջը հավաքված մարդիկ լուսանկարվում մարդասպանի հետ` նրան խնդրելով գեղեցիկ ժպտալ:
Իսկ երբ Սամասթին հարցնում են սպանությունից առաջ իր գործողությունների մասին, ոստիկաններից մեկը գովում է նրան՝ ասելով. «Կեցցե՛ս, Օգյուն, առյուծ տղա»:
Թուրքական «Diken» լրատվական կայքը հիշեցնում է, որ Դինքի սպանությունից հետո մամուլում հայտնվել էին թուրքական դրոշներով Սամաստի և ոստիկանների լուսանկարներ, որոնք հասարակության մեջ քննարկումների տեղիք էին տվել:
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թափ է հաղորդվել Դինքի սպանության գործով ձերբակալություններին:
Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության և ժանդարմերիայի 10 նախկին և գործող ծառայակից, որոնցից մեկը կոչումով գնդապետ է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական «A Haber» հեռուստաալիքը ևս Դինքի սպանության վերաբերյալ 9 տարի առաջ նկարահանված տեսանյութ էր հրապարակել: Այդ տեսանյութում երևում է, թե ինչպես է սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթը գնում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, իսկ այդ պահին ժանդարմերիայի 6 ծառայակից հետևում են նրան:
Այդ 6 սպաները ձերբակալվել էին հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքի (FETÖ-Ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպություն՝ թուրքական մամուլում այսպես է անվանվում գյուլենական համայանքը-խմբ.) գործով հետաքննության շրջանակներում: Նրանք կասկածվում են գյուլանական համայնքի հետ կապ ունենալու մեջ: