28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրք ժողովրդի հավատը ԵՄ-ի հանդեպ խարխլվել է․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք ժողովրդի վստահությունն ու հավատը Եվրոպական Միության (ԵՄ) հանդեպ խարխլվել է: Ըստ թուրքական «Haberturk» լրատվական կայքի՝ Թուրքայի արտգործնախարարն այս մասին հայտնել է Սլովենիայում ընթացող Բլեդի ռազմավարական ֆորումի ժամանակ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է ԵՄ-Թուրքիա, Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին:

«Եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը չդյուրացնի, արդյո՞ք կվտանգվի փախստականների մասին պայմանագիրը» հարցին պատասխանելիս Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան ԵՄ-ի հետ կնքված պայմանագրի կետերը հաջողությամբ իրականացնում է: Որպես ասվածի օրինակ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան վերջին 6 ամսվա ընթացքում Հունաստանից 1000-ից ավել փախստականներ է ընդունել:

«Մեր ասելիքն է. այս պահին կամ բոլոր պայմանագրերը պետք է կյանքի կոչել կամ բոլորն էլ մի կողմ պետք է դնել, և իրականում, սա սպառնալիք չէ: Թուրքիան հաջողությամբ  կատարում է պայմանագրի կետերը և, ինչպես խոստացվել էր, մեր քաղաքացիներն էլ արժանի են, որ իրենց համար վիզային ռեժիմը դյուրացվի»:

Չավուշօղլուի կարծիքով՝ ԵՄ-ն մի շարք կարևոր ուղղություններում՝ ինտեգրացիոն, արտաքին քաղաքականության ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարում, փախստականների հարցում անհաջողության է մատնվել: Ըստ Չավուշօղլուի՝ ԵՄ-ի այս անհաջողությունները խարխլել են թուրք ժողովրդի հավատն այդ կառույցի նկատմամբ:

«Պետք է անկեղծորեն ասեմ, որ Թուրքիայի քաղաքացիները այլևս չեն հավատում ԵՄ-ին: Հատկապես հեղաշրջման փորձին հաջորդած գործընթացներում հասարակության շրջանում լրջորեն նվազել է ԵՄ-ին անդամակցելու աջակիցների թիվը»,-ասել է թուրք նախարարն՝ ընդգծելով, որ իրավիճակը շտկելու համար ԵՄ-ն պետք է ավելի հավասարակշռված և զգույշ մոտեցում ցուցաբերի և դրական ուղերձներով հանդես գա:

Անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերություններին, որոնք լարվել էին Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո՝ Չավուշօղլուն նշել է, որ եթե Գերմանիան վատ վերաբերվի Թուրքիային, վերջինից էլ նույն պատասխանը կստանա: Չավուշօղլուն վերահաստատել է Թուրքիայի այն դիրքորոշումը, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին:

«Պատմության վերաբերյալ որոշում կայանցնելը պատմաբանների պարտականությունն է, այլ ոչ թե քաղաքական գործիչների: Մեզ համար անընդունելի է, որ այս հարցում քաղաքական գործիչները որոշումներ կայացնեն»:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի խորհրդարանը այլ երկրների պատմությունը քննելու նախաձեռնությամբ հանդես չի եկել, սակայն եթե Եվրոպայի պատմությունը քննության առնվի, ապա ներկայիս Եվրոպայի և հատկապես Արևմտյան Եվրոպայի քաղաքական գործիչները մեկը մյուսի երեսին չի կարողանա նայել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ