Ում թերացման արդյունքն է
Մոտ երկու ամիս առաջ ԱԱԾ-ը հայտարարություն էր տարածել «Հայկական ատոմային էլեկտրական կայան» (ՀԱԷԿ) ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի վերաբերյալ: նախաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս:
Այսօր լրագրողները հետաքրքրվեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արեգ Գալստյանից, թե արդյոք այս չարաշահումն նախարարության վերահսկողական գործունեության թերացման արդյունք չէ, փոխնախարարը պատասխանեց. <<Ատոմակայանը բաժնետիրական ընկերություն է՝ անմիջապես մատակարարումներով, անմիջապես պատասխանատվությունն իրենց վրա է, դա ըստ գործառույթի, ըստ կանոնակարգի բաժնետիրական ընկերություն է, դա մինիստրության գործառույթ չէ նման վերահսկողություն իրականացնել: Ցավոք սրտի նման դեպք տեղի ունեցավ, բայց համապատասխան ստուգումների ժամանակ հայտանաբերվեց, որ գնումների ժամանակ նման երևույթներ են տեղի ունեցել>>:
Ինչ վերաբերում է նրան, որ այս հարցը բարձրացվել է միջազգային կառույցներում, Ա. Գալստյանը նշեց, որ հաշվի առնելով, որ նմանատիպ երևույթներ կարող են լինել նաև ատոմակայանում, իրենք համապատասխան կառուցվածքային մոդելում փոփոխություններ են կատարել, որպեսզի գնումների գործընթացն ավելի թափանցիկ լինի:
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին առանձնացվախ խումբ կա, որը զբաղվում է այս հարցով: