Ինձ նույնիսկ ասել են, որ ես դարձել եմ սև թուղթ ստորագրող. աղմկահարույց նախագիծը հանվեց
Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը որոշել է շրջանառությունից հանել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Այս մասին նա նշեց այսօր Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում: Նա համաձայն է երկու տարբերակների հետ էլ՝ հանել քննարկումից կամ տեխնիկապես հետաձգել, բայց երկրորդ տարբերակի դեպքում խնդիրն այն է, որ մեկ տարի հետ այս ԱԺ-ն չի լինելու: <<Երկու լուծումներին էլ ես պատրաստ եմ: Բայց պետք է հաշվի առնել, որ իսկապես ժողովրդագրական մարտահրավերներ են մեր դիմաց կանգնած, ու մենք պիտի տարբեր ձևերով դա լուծենք>>:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է պետության երաշխավորմամբ 18 տարեկան նորակոչիկների սերմնաբջիջները պահպանել ստեղծվելիք համապատասխան բանկում։
Պատգամավորը ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ սա պարտադիր չէր լինելու:
Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց նման նախագծի համար՝ առաջարկելով վերանայել, թե ինչ կարգով պետք է ներկայացվի այն ԱԺ-ի նիստում, այսինքն՝ պատգամավորին հնարավորություն կտրվի ամեն դեպքում 2 րոպե ելույթ ունենալ նախագծի հետաձգումից առաջ: Ա. Բաբլոյանը նաև նկատեց, որ հանրությունը դեռ պատրաստ չէ նման նախագծի. <<Ու եթե մենք 18 տարեկան երիտասարդին ասում ենք՝ գրի, որ ուզում ես՝ մենք քո սերմնաբջիջը վերցնենք, պահենք, նա միանգամից սթրեսային իրավիճակի մեջ կհայտնվի: Այսինքն՝ այդքան շատ է հավանականությունը մահերի>>: Նրա խոսքով՝ այս բնագավառում խնդիր կա, և միգուցե հետագայում փոփոխություններ կատարվեն նախագծում, ու կրկին ԱԺ-ի օրակարգում այն հայտնվի:
<<Ինձ նույնիսկ ասել են, որ ես դարձել եմ սև թուղթ ստորագրող, ես էլ ասել եմ, որ եթե նման ունակություններ ունեմ՝ օժտված Աստծու կողմից, կարող եմ դա անել մեր թշնամիների ուղղությամբ>>,-արձագանքեց պատգամավորը:
Նա ամեն դեպքում նկատեց, որ մեզ մոտ անպտղության խնդիրը հասել է 17 տոկոսի, ու այդ մասին տղամարդիկ տեղեկանում են միայն ամուսնանալուց հետո, իսկ եթե մեր առողջապահական համակարգն անցնի պարտադիր ապահովագրականի ու մարդիկ կարող են այդ խնդիրների մասին տեղեկանալ ավելի վաղ:
<<Միգուցե շատ սուր են այս տեսակի հարցերը, միգուցե շատ առաջ ընկա ժամանակից, բայց, իհարկե, չեմ փոշամանում>>: Առողջապահության փոխնախարար, հարակից զեկուցող Սերգեյ Խաչատրյանը հավելեց, որ այս նախագծի առկայության դեպքում որբ երեխայի խնդիր էլ կառաջանար, ապա նաև կհետևեին ֆինանսական դժվարությունները:
<<Հիմա այս րոպեին սա հանենք, քանի որ ժամանակավրեպ է>>,-եղավ պատգամավորի եզրակացությունը: