Չինաստանում կայացել է Էրդողան-Օբամա հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում ընթացող մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Ըստ թուրքական «Haber.star» լրատվական կայքի՝ փակ դռների հետևում տեղի ունեցած Էրդողան-Օբամա հանդիպումը տևել է շուրջ 45 րոպե:
Հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում նախագահները հայտնել են, որ քննարկել են ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի խնդիրը, սիրիական ճգնաժամը, ՆԱՏՕ- Թուրքիա համագործակցությունը, ինչպես նաև Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը:
Մասնավորապես, Էրդողանը նշել է, որ Գյուլենի արտահանձման համար հուլիսի 15-ից հետո պատրաստված փաստաթղթերը թուրքական կողմը կփոխանցի ԱՄՆ-ից Թուրքիա ժամանած ամերիկյան պատվիրակությանը: Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս այս հարցով բացի Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությունից, ԱՄՆ է մեկնելու նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ և ԱՄՆ-ի իշխանություններից պահանջում են նրա արտահանձնումը:
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվի ինքնավարություն, կամ միջանցք՝ տեղի քրդական ուժերի նախաձեռնությամբ:
Իսկ ՆԱՏՕ-ի շրջանակներում 2 երկրների միջև համագործակցության հարցում Էրդողանի դիտարկմամբ՝ Թուրքիան և ԱՄՆ-ն, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ պետք է ունենան ընդհանուր դիրքորոշում բոլոր ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ: Բացի դրանից նրա խոսքով՝ ահաբեկչական կազմակերպությունների միջև չի կարելի տարբերություն դնել:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին, ինչպես նաև իր տարածքում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-ը դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն և նույնացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ՔԲԿ-PKK) հետ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս հանդիպումը երկու նախագահների միջև առաջինն էր`հուլիսի 15-ի հայտնի իրադարձություններից հետո: