Արայիկենց ընտանիքում օրերս 8-րդ երեխան կծնվի. ավագ որդին զոհվեց այս գիշեր
Արցախում հակառակորդի կրակոցի հետեւանքով զոհված Արայիկ Օրդուբեկյանը Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից էր:
Զոհված զինվորի մասին ցավով և հպարտությամբ պատմեցին գյուղապետարանի աշխատակիցները: Henaran.am-ը կիսելով ցավը փորձեց տեղեկանալ զինվորի մասին:
Գյուղապետը տեղեկացրեց, որ Արայիկ Օրդուբեկյանի ընտանիքը մոտ 1 տարի առաջ Քաշաթաղ տեղափոխվել է Երեւանից:
«Նրանց ընտանիքում մի քանի օրից 8-րդ երեխան կծնվի: Արայիկը ավագն էր ու շատ պատրաստված տղա: Ապրիլյան պատերազմի օրերին հայրը՝ որպես կամավոր, հենց որդու դիրք էր գնացել ու միասին մի քանի ամիս ծառայել են:
Նշենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն: