Ովքե՞ր են ցանկանում արատավորել Կարեն Գրիգորյանի արածը. Գեներալի որդին կայացել է իր գործով
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի քանի վայ լրատվամիջոց, ակնհայտորեն նույն կենտրոնից պատվեր ստանալով, փորձում են վարկաբեկել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Ի սկզբանե ասեմ` եթե իսկապես կարծում եք, թե կարող եք խանգարել սեպտեմբերի 18-ի ընտրություններում Կարեն Գրիգորյանի հաղթանակին, ապա դա սիզիփոսյան աշխատանք է, ապարդյուն, քանի որ էջմիածնեցին տեսնում եւ գնահատում է այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է քաղաքում Կարեն Գրիգորյանի ղեկավարությամբ: Ես հիմա չեմ թվարկի, թե ըստ ոլորտների որքան բազմածավալ, բազմաբնույթ աշխատանք է կատարվել, այլ կանդրադառնամ մամուլով ներկայացվող ակնհայտ կեղծիքներին, իրենց լրագրող համարող վերոհիշյալ մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին, լրագրողական եւ մարդկային էթիկայի խախտումներին:
Այսպես ուրեմն, «լրատվամիջոցը» գրում է, թե իբր Կարեն Գրիգորյանի մարդիկ առեւանգել են ինչ-որ մեկին, ով մտադիր էր առաջադրվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: Գրում են մարդու անուն, ազգանուն, հասցե, որում նա իբր բնակվում է:
Ու իրենց նեղություն էլ չեն տալիս որեւէ կերպ, ասենք` elections.am կայքի միջոցով կամ անձնագրային վարչության միջոցով ճշտել` արդյո՞ք տվյալ հասցեում նման անունով մարդ բնակվում է: Կամ` չեն էլ փորձում գտնել տվյալ մարդուն, հարցնել` եղբայր, քեզ առեւանգե՞լ են: «Լրատվամիջոցի» մատնանշածը, եթե իրականությանը համապատասխաներ, դա հանցագործություն էր. թող դիմեն իրավապահներին` ոստիկանություն, դատախազություն:
Մեկ այլ ապատեղեկատվություն էլ հիշյալ վայ լրատվամիջոցները ձգտում էին տարածել: Թե իբր Էջմիածնի նախկին քաղաքապետերից Հրաչիկ Աբգարյանը կամենում էր առաջադրվել, բայց նրան անձնագրային վարչությունը մերժել է տեղեկանք տալ: Խնդրին քաղաքապետարանը չանդրադարձավ, քանի որ մշտական բնակվելու, հասցեում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանքի հատկացումն այլ գերատեսչության ֆունկցիա է: Բայց եթե խնդրով զբաղվեր անկողմնակալ, արհեստավարժ լրագրող, հեշտությամբ կպարզեր, թե ինչու Աբգարյանը տվյալ հասցեում հաշվառված չէ, թե որքան պարտքեր ունի բյուջեին, որքանի մասով կան հարկադիր կատարման որոշումներ եւ թե ինչ կլիներ տվյալ տան եւ տան գույքի հետ, եթե Աբգարյանն այդտեղ հաշվառված լիներ: Կամ դժվար է՞ր պարզելը, որ սնանկ ճանաչված Աբգարյանն էլ Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանն էլ չեն կարող ընտրովի պաշտոն զբաղեցնել: Հենց միայն այդ պատմությունը բավարար կլիներ հասկանալու համար, որ Աբգարյանի ասածներին, հայտարարություններին լուրջ վերաբերվել չի կարելի: Հիմա էլ դարձյալ այդ նույն մարդուն հղում անելով գրում են` թե իբր նա տեսել է, որ այսինչը անձնագրայինից տեղեկանք էր վերցնում, հետո անհայտացավ:
Հաջորդ զավեշտը, ընտրություններում թեկնածու առաջադրված Արթուր Թումանյանը հայտարարում է, թե իբր ինքը միշտ պայքարել է Կարեն Գրիգորյանի «ապօրինությունների» դեմ: Լրագրող ջան, բա մի հատ քեզ նեղություն տայիր, ճշտեիր` որ մի ապօրինության դեմ եւ ինչպես է պայքարել: Երբ Թումանյան Արթուրը ավագանու անդամ էր, ես էլի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետն էի: Շատ լավ հիշում եմ` Կարեն Գրիգորյանը երբ ինչ որոշման նախագիծ հեղինակել է, երբ ինչ առաջարկել է, Արթուրը համաձայնել է, ասել է, որ պարոն Գրիգորյանի առաջարկը միակ ճիշտն է, միակ ընդունելին: Քանի որ ես չեմ կարող սոսկ հիշողությամբ հրապարակել փաստերը, այս հայտարարությունը տարածելուց առաջ ուշադիր դիտեցի Թումանյան Արթուրի մասնակցությամբ Էջմիածնի ավագանու բոլոր նիստերի տեսագրությունները: Համոզվեցի, որ ճիշտ եմ հիշում: Թե կա մեկը, որ օբյեկտիվորեն կամենում է պարզել իրականությունը, թող գա Էջմիածին, ես տեսագրություններն իրենց համար էլ կմիացնեմ: Իսկ եթե կա մեկը, որ երբեւէ տեսել է, թե իբր Թումանյանը հակադրվում է քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, թող փաստեր հրապարակի: Թե չէ` «ասում են», «մեր աղբյուրները» տիպի արտահայտությունները հիմք չեն:
Եվ մեկ խնդրանք բոլոր լրատվամիջոցներին, բոլոր գործընկերներիս: Նախկինում աչք ենք փակել Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատանքը սեւացնելու փորձերին` վստահ լինելով, որ միեւնույն է` էջմիածնեցին իրականությունը տեսնում է ու հստակ ձեւավորված կարծիք ունի: Այսօր էլ վստահ ենք, որ այդպես է: Սակայն, առանձին լրատվամիջոցներ արդեն չափն անցնում են, եւ մենք հարկադրված ենք դեզինֆորմացիա տարածելու ամեն մի փորձի իրավական համարժեք պատասխան տալ: Ուրեմն քաղաքապետի ընտրարշավի օրերին ապատեղեկատվության, կեղծ, իրականությանը չհամապատասխանող ամեն մի հրապարակման փաստի ատռիթով դիմելու ենք իրավապահ համակարգին: Կեղծիք տարածողները պատասխան են տալու: Խնդրանքս է, որ ամեն մի հրապարակում հստակ հղումներով լինի, հստակ երեւա իր վրա պատասխանատվություն վերցնող ինֆորմացիայի աղբյուրը: Հակառակ պարագայում, բոլորս ենք հասկանում, պատասխանատվություն կրելու է կեղծիքը հրապարակած լրատվամիջոցը:
Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետարանի
լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյան