«Սասնա ծռերի» խնամքի շուրջօրյա հերթապահությունը դադարեցնելու հարցով ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջում
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Սասնա ծռերի» համար «Էրեբունի» ԲԿ-ի բուժակի 24-ժամյա հերթապահությունը դադարեցնելու հարցով ՄԻՊ-ը գրավոր պարզաբանումներ է պահանջել ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարություններից:
Այս առնչությամբ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հսկողությամբ 2016 թվականի հուլիսի 28-ից սկսած կատարվում են պարբերական այցելություններ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Շարունակվում են այնտեղ պահվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման աշխատանքները:
Մշտական սկզբունքով կատարվող այցելությունների շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ: Կատարվել են մանրամասն ուսումնասիրություններ:
2016 թվականի օգոստոսի 19-ին գրություններ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն, համաձայն ստացած բողոքների, մի շարք կալանավորված անձանց բժշկական խնամքը կազմակերպելու նպատակով վերջիններիս առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ:
2016 թվականի օգոստոսի 22-ին Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի եւ բժիշկ-մասնագետի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցելության ընթացքում պարզվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված եւ վերջիններիս խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման եւ խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ»: