07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին եւ վնասել նրանց տեխնիկան. ՀՔԾ

2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաեւ վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով գույքային վնաս, իսկ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանը, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանը եւ Արթուր Այվազյանը, հիշյալ օրը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:

Մասնավորապես՝ 2015թ. հունիսի 23-ին՝ ժամը 05.30-ի սահմաններում, երբ ՀՀ ոստիկանության ծառայողները ջրանետ հատուկ միջոցի գործադրմամբ ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երեւանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքը եւ բերման ենթարկել դրա մասնակիցների մի մասին, ոստիկանության ծառայողներ` Տ. Նորատունկյանը եւ Ա. Այվազյանը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ բռնել են Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձեւով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանին եւ ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս օրինական գործունեությանը:

Այդ ընթացքում ոստիկանության կապիտան Կոստան Բուդաղյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ բռնել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձեւով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանին եւ ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքին, հաշվի չառնելով նաեւ վերջինիս հավաստիացումն այն մասին, որ հեռուստալրագրող է:

Նույն ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, քաղաքացիական հագուստով գտնվելով Երեւանի Ազատության հրապարակում, խոչընդոտել է լրագրողի  մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձեւով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին՝ նրանից խլել է ընկերությանը պատկանող, «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը եւ մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ հիշյալ ՀԿ-ին պատճառելով 485 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Դ. Փերիխանյանն այդ ժամանակ դիտավորությամբ խոչընդոտել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող՝ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի լրագրողական աշխատանքին՝ նրա ձեռքից խլել է ռադիոկայանի սեփականությունը հանդիսացող «Samsung GT-I9500/Galaxy S4 16GB» մոդելի բջջային հեռախոսն ու անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները՝ հեռախոսը մի քանի անգամ հարվածել է գետնին, վնասել այն՝ պատճառելով գույքային վնաս:

Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Տ. Նորատունկյանին, Ա. Այվազյանին, Կ. Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դ. Փերիխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ ոստիկանության 4 ծառայողների վերաբերյալ գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ