Վարուժան Ավետիսյանը կոչ է արել` Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը
18-րդ օրն է՝ «Նոր Հայաստան» շարժման քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մեջ է:
Անդրիաս Ղուկասյանը օգոստոսի 1-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում հայտարարեց, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումները ակնհայտ քաղաքական են, ինքը քաղբանտարկյալ է ու հացադուլ հայտարարեց։
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը, իրեն հասանելի բոլոր միջոցներով»,-հայտարարեց նա։
Երեկ` օգոստոսի 18-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից հացադուլը դադարեցնելու կոչով է հանդես եկել «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
«Սիրելի՛ Անդրեաս, այսօր տեղեկացա, որ հացադուլի միջոցով ես շարունակում պայքարը: Գործող հակահայ և հակամարդ վարչախմբի համար մարդու առողջությունն ու կյանքը ոչ մի արժեք չունեն, իսկ քո դավանած գաղափարները, ինչպես նաև քո հաստատակամությունն ու նպատակասլացությունը հայտնի են մեր ժողովրդին: Այդ պատճառով՝ որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի և պայքարի ընկեր, կոչ եմ անում դադարեցնել հացադուլը: Քո ավյունն ու գիտելիքներն այսօր շատ անհրաժեշտ են մեր ժողովրդին, ուստի հորդորում եմ քաղաքագիտական վերլուծություններով և քաղաքական հայտարարություններով մասնակցել Հայաստանի Հանրապետության ազատագրման և վերակերտման գործին»,- ասված է Ավետիսյանի կոչում: