Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցելու համար աշխատանքներ են սկսվել միջազգային կազմակերպությունների հետ. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մհեր Մազմանյանին:
Կատարված ուսումնասիրությունների եւ Մհեր Մազմանյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի հիման վրա կատարվել են հետեւյալ աշխատանքները.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների հիման վրա քրեական հետապնդում իրականացնող մարմնին են ներկայացվել անձին արգելանքի վերցնելու հետեւանքով առանց գոյատեւման միջոցների մնացած անչափահասների խնամքի իրավունքի իրացման, ինչպես նաեւ Մհեր Մազմանյանի տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելքի հետ կապված հարցերը եւ օրենքի համաձայն՝ պահանջվել են համապատասխան պարզաբանումներ:
2. Երեւանի քաղաքապետարան է ներկայացվել Մհեր Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցը՝ առաջարկելով քննարկել այն: Կարեւորվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնում Մհեր Մազմանյանի ընտանիքը հաշվառելու, ինչպես նաեւ անապահով ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության ծրագրերում եւ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելու հարցերը:
3. ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել պարզաբանումներ տրամադրելու պահանջ Մհեր Մազմանյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված հարցի կապակցությամբ:
4. Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ աշխատանքներ են սկվել նաեւ միջազգային կազմակերպությունների հետ: Վերջիններիս ներկայացուցիչները նախնական ուսումնասիրություններ կատարելու համար այցելել են Մհեր Մազմանյանի ընտանիքին: Այցելության ընթացքում նրանց կողմից գնահատվել են Մ. Մազմանյանի ընտանիքի առաջնահերթ կարիքները եւ անհապաղ լուծում պահանջող սոցիալական խնդիրները:
Արդյունքում արդեն իսկ նախատեսվել է՝ կազմակերպել Երեւանում
Մհեր Մազմանյանի երեխաների ուսումը, նրանց ապահովել գրենական պիտույքներով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով, երեխաներին տրամադրել հոգեբանական աջակցություն, ինչպես նաեւ աջակցել Ք. Արամյանին եւ նրա չափահաս զավակին աշխատանքով ապահովելու հարցում: Բացի այդ, առաջարկվել է նաեւ կազմակերպել երեխաների հանգիստը մանկական ճամբարում (այս հարցը ներկայում գտնվում է քննարկման փուլում):
Սույն հաղորդագրությամբ, օրենքի պահանջների համաձայն, չեն հրապարակվում բողոքի քննարկման ընթացքում ձեռք բերված այն տեղեկությունները կամ ձեռնարկված այն քայլերը, որոնք դեռ գտնվում են քննարկման կամ լուծման փուլում կամ առնչվում են մասնավոր կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ ոչ հրապարակային տվյալների:
Մենք կարեւորում ենք ինչպես ՀՀ իրավասու պետական մարմինների, այնպես էլ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը, որն ուղղված է քաղաքացու բարձրացրած հարցերի լուծմանը նպաստելուն:
Այսուհետ եւս, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր կարգավիճակի ողջ ծավալով գործադրվելու են բոլոր ջանքերը բողոքներում բարձրացված հարցերի հնարավորինս արագ եւ ամբողջական լուծման ուղղությամբ:
Մհեր Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: