17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վահանի ծնունդն է. ուղղակի ասենք` շնորհավոր

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականին Երեւանում: 1973 թվականին ավարտել է Երեւանի թիվ 55 դպրոցը, այնուհետեւ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը: Այստեղ ուսումը կիսատ թողնելով` Վահան Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա, ընդունվել եւ 1978 թվականին ավարտել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Հարավային Սիբիրում, սակայն գերադասել է վերադառնալ հայրենիք եւ գյուղում ուսուցիչ է աշխատել:

1980 թվականին զինծառայությունն ավարտելուց եւ վերջնականապես Երեւան վերադառնալուց հետո հնարավորություն է ընձեռվել աշխատանքի անցնելու սիրած մասնագիտությամբ: Այն օրերին, սակայն, համալսարանական ղեկավարները Խորհրդային միությունից հեռացած այլախոհի որդուն թույլ չեն տվել դասավանդել Հայաստանի միջնադարյան պատմություն:

1980 թվականից Վահան Հովհաննիսյանը «Էրեբունի» թանգարանում աշխատանքի է անցել որպես գիտաշխատող, այնուհետեւ դարձել է գիտահետազոտական բաժնի վարիչ, իսկ 1989 թվականից տեղափոխվել է Գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ: Տարբեր հնագիտական արշավախմբերի կազմում Վահան Հովհաննիսյանը պեղումների է մասնակցել Հայաստանի տարածքում. այդ պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզի եւ վաղ երկաթի դարի շատ արժեքավոր նյութեր: Դրանց հիման վրա Վահան Հովհաննիսյանը կատարել է հնագիտական լուրջ ուսումնասիրություններ:

1989 թվականի Վահան Հովհաննիսյանը անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Հայրենիքում կուսակցության պաշտոնական վերահաստատումից հետո` 1990 թվականին, ընտրվել է Դաշնակցության առաջին Կենտրոնական Կոմիտեի անդամ եւ գործուղվել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանության կազմակերպմանն ու իրականացմանը: 1992 թվականին Վահան Հովհաննիսյանն ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ: Այդ տարիներին Հայաստանում շիկանում էր ներաքաղաքական մթնոլորտը, աճում էր համաժողովրդական դժգոհությունը ՀՀՇ-ական իշխանությունների ապաշնորհ գործունեությունից: Դաշնակցության համար առանձնապես անհանդուրժելի էին ղարաբաղյան հարցում թույլ տրվող սխալները: Կուսակցության դեմ ծավալվեցին հալածանքներ, կասեցվեց ՀՅԴ գործունեությունը, մի շարք ղեկավար գործիչներ, որոնց թվում` եւ Վահան Հովհաննիսյանը, հայտնվեցին բանտում:

Գտնվելով կալանքի տակ` Վահան Հովհաննիսյանը 1997 թվականին հեռակա կերպով ընտրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ: Դատաքննության ընթացքում դատարանի դահլիճում հնչեցրած նրա ելույթները շարունակությունն էին ազդեցիկ քաղաքական գործունեության: 1999 թվականից մինչ երկրային կյանքի ավարտը նա եղավ ՀՅԴ Բյուրոյի անդամ:

1999 թվականին Վահան Հովհաննիսյանը ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, դարձավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը: 2003-ին եւ 2007-ին դարձյալ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր եւ երկու անգամ էլ դարձել է Ազգային ժողովի փոխնախագահը: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2008 թվականը: Գլխավորել է Հայաստանի ԱԺ առաջին պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Նույն տարիներին ղեկավարել է Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, հանդիսացել է Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովների համանախագահ: Իրականացրել է ակտիվ քաղաքական աշխատանք թե’ որպես պատգամավոր եւ թե’ որպես ՀՅԴ ղեկավար մարմնի անդամ: 2008 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին` որպես ՀՅԴ թեկնածու: 2012թ.մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Ղեկավարել է Հայաստանի առաջին պատվիրակությունը Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում` հանդիսանալով Եվրանեսթի Բյուրոյի անդամ:

2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Վահան Հովհաննիսյանը կյանքից հեռացավ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին:

2016 թվականի օգոստոսի 16-ին նա կդառնար 60 տարեկան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ