08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը, Արցախը, ու հայությունը ամեն բանից վեր են. Արամ Ա-ն կոչ է անում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ պատգամ է հղել եւ անդրադարձել Երեւանում կատարված իրադարձություններին։

«Խոր ցավով ու ընդվզումով հետեւեցինք Հայաստանի վերջին դեպքերին։ Նկատի ունենալով, որ հիշյալ դէպքերից հետո սա առաջին առիթն է մեր ժողովրդին պատգամս ուղղելու, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ ներկա պատգամս արբանյակային սփռումով կհասնի մեր ժողովրդի բոլոր զավակներին, կուզեմ մի շարք մտահոգություններ անել, նաեւ մի շարք հիշեցումներ կատարել։

Ամենից առաջ ցանկանում եմ կարեւորությամբ շեշտել, որ Հայաստանին, Արցախին եւ ընդհանրապես հայությանը հուզող հարցերի եւ մարտահրավերների նկատմամբ Սփյուռքը չի կարող սոսկ լսողի եւ դիտողի կրավորական վիճակի մեջ լինել: Ոչ։ Սփյուռքը ասելիք եւ անելիք ունի։

Իր անկախության 25 ամյակի շեմին Հայաստանի առջեւ ծառացած են լուրջ մարտահրավերներ, ուստի հարկավոր է լինել խոհեմ, իրապաշտ եւ արթուն՝ հեռու մնալով ամեն բան անցած նկատելու եւ վարդագույն տեսնելու զգացական ու ոչ իրատես մոտեցումներից։

Զգույշ… եթե փտածությունը դառնա բնական երեւոյթ, ժողովրդի ընդվզումը ծավալի եւ արտագաղթը շարունակվի նոյն թափով, Հայաստանի պետականության հիմքերը կարող են խարխլվել։

Զգույշ… եթէ մեր ժողովրդի ներքին միասնականությունը, որ առանցքն է ու երաշխիքը մեր ազգի ու հայրենիքի հզորության, տկարանա, ժողովուրդ-իշխանություն փոխադարձ վստահությունը նահանջ արձանագրի, Հայաստանը կարող է աննախատեսելի ու անհաղթահարելի տագնապների բախվել։

Արդ, հասել է պահը ինքնաքննության՝ անկեղծ եւ իրապաշտ մոտեցմամբ. Հասել է պահը հատկապես գործնական քայլերի դիմելու այսօր, վաղը ուշ կլինի։

Իրավունք չունենք ժողովրդին աղքատության տիղմի մէջ խրված պահելու։ Տնտեսական տագնապը կդառնա աղբյուր ամեն տեսակ չարիքի։

Իրավունք չունենք Հայաստանը անիշխանության ալիքների մեջ տատանվող երկրի վերածելու։ Հայաստանը պետություն է իր սահմանադրությամբ ու օրենքներով։

Իրավունք չունենք մեծ զոհողութեամբ իր անկախությանը վերատիրացած Արցախի հարցոց լպրծուն ու երկդիմի մոտեցումներ ունենալու, որոնք կարող են վտանգել Արցախի անկախությունը։

Միջին Արեւելքում եւ Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները, միջպետական շահերի նոր ձեւավորումները, որոնք, ի վնաս Հայաստանի ու Արցախի կարող են լինել, պետք է ճիշտ տեսնել եւ ճիշտ գնահատել, համապատասխան մոտեցումներ որդեգրել՝ հարկավ մեր դիվանագիտությանը միախառնելով մեր ժողովրդի մարտունակ ոգին ու աներեր կամքը։

Մեր հայրենիքի ու ժողովրդի ցավերի ախտաճանաչումը պետք է ճիշտ եւ շուտ կատարել. եւ փոխանակ սոսկ ախտանշանները հեռացնելու, պէտք է իմաստություն ու քաջությունը ունենանք մեր վերքերը բուժելու եւ մեր ցավերը դարմանելու՝ հավաքական ճիգով։

Հեռու պէտք է մնալ ամեն տեսակ բռնություններից ու բեւեռացումներից, ինչ էլ լինեն դրանց դրդապատճառները։ Բացարձակորեն ընդունելի չէ, որ հայի արյուն հոսի Երեւանում։ Հայի արյուն կարելի է թափել միայն Հայաստանի ու Արցախի պատշպանության սրբազան ճանապարհի վրա։

Հեռու պէտք է մնալ Հայաստան-Սփյուռք, ժողովուրդ-իշխանություն բաժանարար մտածելակերպերից ու գործելակերպերից։ Մենք մեկ ազգ ենք՝ մեկ հայրենիքով, մեկ անցյալով, ներկայով ու ապագայով։

Այս խոր գիտակցությամբ ու ամբողջական հանձնառությամբ միայն կարող ենք մեր հայրենիքը հզորացնել։ Հայաստանը, Արցախը, ու հայությունը ամեն բանից վեր են։ Սա սոսկ լոզունգ չպետք է դառնա, այլ՝ յուրաքանչյուր հայի ու ամբողջ հայության կյանքի ուղեգիծը»,- ասել է Արամ Ա-ն։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ