Ո՞վ է մեծ քանակությամբ ռազմամթերք պահելու կասկածանքով կալանավորված Գևորգը /վիդեո/
«Գևորգ Սուքիասյանը ինչ-որ դրսից գտնված բաշիբոզուկ չէ, կամ հավի ճուտ չէ,որ վիզը քաշեն քցեն մի կողմ: Գևորգը այն ազգանվիրյալներից է, որի նմանները հատուկենտ են հանդիպում : Նա իր կյանքն է վտանգել Արցախյան պատերազմի ժամանակ և մարմնի կեսն է թողել կռվի դաշտում: Նա երկու անգամ կանտուզիա է տարել և շատ բնական է, որ նա չհիշի, որ նման զենքեր և զինամթերք է եղել իր տանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 5-ին ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ` կալանավորված Գևորգ Սուքիասյանի դեպքին, ասաց նրա ընկերը` ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանը:
Նշենք, որ ԱԱԾ-ն տարածել էր հայտարարություն, որում նշվում էր.
«Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք»:
«Այս ամենը ես համարում եմ կանտուզիայի հետևանքներ, քանի որ ոչ մի գիտակից մարդ իր հարկի տակ չէր պահի նման քանակությամբ պայթուցիկ նյութեր: Ձերբակալումը, որպես խափանման միջոց դա ծայրաստիճան ծայրահեղ քայլ է` Գևորգի նկատմամբ, որովհետև նա կիսամարդ է և վերջիվերջո խնամքի կարիք է զգում»,-նշեց Բունիաթյանը:
Անդրադառնալով ԱԱԾ հայտարարության մեջ ընդգծված կետին. թե ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ` Արթուր Բունիաթյանը ասաց.
«Զինված պայքարի հետ մենք կտրականապես չենք կարող առնչություն ունենալ, քանի որ մեր պայքարը գաղափարական է»:
«Ես Գևորգին ճանաչելով պետք է ասեմ, որ կյանքը հայրենիքին նվիրած անձ է և իր կյանքով ցույց է տվել` թե ո՞վ է իրականում հայ տղամարդը, նման մարդկանց վերաբերյալ ֆիլմեր են նկարահանվում, բայց ցավոք` ոչ Հայաստանում: Ես վստահաբար կարող եմ ասել , որ նա այժմ չի կարողանում ադեկվատ մտածել, քանի որ եթե ադեկվատ մտածեր այդքան զենք ու զինամթերք իր տանը չէր պահի մեկ այլ վայրում կպահեր»,-հավելեց Գևորգ Սուքիասյանի մյուս ընկերը` Աշոտ Աշոտյանը: