Հուլիսին սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սուբսիդավորվել է 589,7 մլն. դրամ
Հուլիսին սպառված էլեկտրական էներգիայի դիմաց բնակչությանը եւ փոքր բիզնեսին ՀՀ կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 589,7 մլն. դրամ (նախորդ ամսվա 590,0 մլն. դրամի դիմաց), որից` ՀՀ կառավարության մասնաբաժինը 294,9 մլն. դրամ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն, բնակիչ բաժանորդների կողմից սպառած էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 567,7 մլն. դրամ` նախորդ ամսվա 566,7 մլն. դրամի դիմաց, իսկ այլ սպառողներին հուլիս ամսվա համար էլեկտրական էներգիայի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 22 մլն. դրամ, նախորդ ամսվա 23,3 մլն. դրամի դիմաց:
ՀԷՑ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե 2015թ. օգոստոս-2016թ. հուլիս ժամանակաշրջանում բնակչության եւ փոքր բիզնեսի օգտին տրամադրվող սուբսիդիայի գումարը կազմել է շուրջ 7,2 մլրդ. դրամ, որի գերակշիռ մասը` 7 մլրդ. դրամը, բնակիչ բաժանորդների օգտին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի №1269-Ն որոշման համաձայն սուբսիդավորումը տրամադրվում էր ամսական մինչեւ 250 մլն. կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բնակիչ բաժանորդներին եւ մինչեւ 500 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող ՓՄՁ-ներին` 250 կՎտժ-ի դիմաց: Որոշմամբ փոխհատուցման տրամադրումը նախատեսվում էր 2015թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը: