Գլուխը պատին է տվել նման բան ասողը . Գեներալ Մանվելի ծնունդը շահարկվել է
Այսօր ԶԼՄ-ներից մեկում հրապարակում է եղել, թե իբր Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան 60-ամյակի արարողությանը հրավիրվել է 700 մարդ, իսկ հյուրասիրությունը կազմակերպվել է 300 մարդու համար: Այս հերյուրանքին զայրացած են արձագանքում երկրապահները: Henaran.am-ը զրուցեց ԵԿՄ անդամների հետ:
Նրանց խոսքը ստորեւ մեջբերում ենք առանց խմբագրման:
Վաչիկ Հովսեփյան` «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության նախագահ.
– Այդ թերթոնի հրապարակումը լկտի սուտ է: Եղել է 700 հրավիրյալ, ովքեր բոլորն էլ սկզզբից մինչեւ վերջ լիաթոք ուրախացել, տոնել են հերոսի հոբելյանը: Միջոցառումը կազմակերպված է եղել բարձր մակարդակով: Ռեստորանի մուտքի մոտ կար մեկ աղջիկ` «Հրապարակ» օրաթերթից, որ կամենում էր մուտք գործել տարածք, իրեն էլ քաղաքակիրթ ձեւով բացատրվեց, որ ծննդյան տարեդարձը լուսաբանվող միջոցառում չէ, որ ներսում կարող են լինել միայն հրավիրյալները: Աղջիկն ինքն էլ համաձայնեց, որ ինքն էլ իր ծննդյան տարեդարձի հրավիրյալների ցանկն ինքն է ընտրում, եւ երբեք թույլ չի տա արարողությանը մասնակցել անկոչ հյուրին: Վստահ ասում եմ` միջոցառմանը ներկա լինել կամեցող 701 հոգուց 700-ը մասնակցել են, այդ մեկն էլ, որ չի մասնակցել, ինքը պետք է հասկանար, որ եթե իրեն չեն հրավիրում փակ տարածքում որեւէ միջոցառման, ապա չպետք է գնա: Իսկ եթե որեւէ լրատվամիջոց կամենում է անկախ աղբյուրից իրազեկվել, թե իրականում քանի հոգու համար է սեղան դրվել Զորավարի 60-ամյակի միջոցառմանը, կարող են զանգահարել «Ռենեսանս» ռեստորանային համալիր եւ ճշտել:
Անան Ոսկանյան` ԵԿՄ Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահ.
– Որ թերթ են տպում, ուրեմն ինչ ուզեն` կգրե՞ն: Թքեմ էդ տեսակի թերթի վրա էլ, շառ անող խմբագրի վրա էլ: Հարյուրհազարավոր հայրենասեր հայ մարդկանց համար Զորավարի ծնունդը ազգային տոն է: Նախ` բոլորին էլ տեղ եղել է, բայց եթե նստելու տեղ չլիներ էլ` դա ոչինչ չէր նշանակում: Մեր եռասերունդ երկրապահական ընտանիքի համար սա տոնական միջոցառում էր, որ հավքվենք, ուրախանանք: Խնջույք լինելուց ավելի, խնջույք լինելուց առաջ սա երկրապահական միջոցառում էր: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի բոլոր տարածքներից, Արցախից, Սփյուռքից երկրապահներ, հայ ազգի նվիրյալներ` անկախ քաղաքական հայացքներից: Ու բոլորն էլ բարձր տրամադրությամբ են մասնակցել, ոչ մեկը կեսից չի լքել հանդիսությունը:
Ռուդիկ Դավթյան` ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ.
– Ես չեմ պատկերացնում, թե մեր երկրապահական-ընկերական նեղ շրջանակում` Զորավարի տարեդարձին ներկա 700 հոգու մեջ կարող է լինել այնպիսի մի հայվան, որ ուտի-խմի-քեֆ անի ու հետո գնա ասի, թե սրահում տեղ չկար: Նման ապերախտ կենդանի մեր մեջ չկա: Ես հաստատ համոզված եմ, որ էդ սուտի լրագրողն ա իրանից հորինել: Թե չէ` թող ասեն` էդ ո՞ւմ համար տեղ չի եղել, էդ ո՞վ ա ոտի վրա մնացել: Էդ տեսակի անամոթ սուտ կլինի՞:
Գառնիկ Հովսեփյան` ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքի նախագահ.
– Գլուխը պատին է տվել նման բան ասողը: Եթե տարեդարձին ներկաներից մեկն է իրենից հորինել, ուրեմն ինքն է պատվեր կատարում, եթե նման մարդ չկա ու թերթն իրենից է հորինել` հասկանալի է` այդ թերթն է յուղոտ պատվեր կպցրել: Գնացեք, այ անառակնե´ր, ուրիշ տեղերից ձեր կեղտոտ փողերն աշխատեք: Զորավար Մանվել Գրիգորյանը, Երկրապահը, հայ ազգը սրբություններ են: Չի´ կարելի սրբությունները վարկաբեկելու փորձեր անել: սերունդները ձեզ չեն ների:
Գեւորգ Դանիելյան` Թաեքվոնդոյի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ.
– Թաեքվոնդոյի ֆեդերացիայից 12 հրավիրյալ ենք եղել: Երբ հասենք ռեստորան, մեզ դիմավորել-տեղավորել են: կարգին քեֆ ենք արել, մեր Զորավարին երկար տարիների կյանք, քաջ առողջություն ենք մաղթել: Ես ոտքի վրա մարդ չեմ տեսել: Չի կարելի այդքան նամարդ լինել: Ես հաստատ կարող եմ ասել, որ չի եղել մեկը, որ սեղանի շուրջ նստելու տեղ չունենա: